ՄԵԴԻԱ-ԽՃԱՆԿԱՐ

Անցյալ շաբաթվա իրադարձությունները լրատվական դաշտի համար և լրատվական դաշտի ներսում բազմազան էին, մի տեղում հավաքվել դրանք կարող են թերևս խճանկարում: Եվ այսպես…

«Ազգի» անհայտ ճակատագիրը

«Ազգ» թերթի տպագրության ժամանակավոր դադարեցման փաստը 2014 թվականի սկզբում ակնառու է դարձնում հայաստանյան լրատվամիջոցների, հատկապես տպագիր մամուլի մեծ մասի գոյատևման իրական գործոնները: Այնպես չէ, որ թերթերը չեն վաճառվում, այնպես չէ, որ թերթերը գովազդ չեն ունենում, սակայն դրանց գոյատևման համար կենսական են այսպես կոչված հովանավորչական գումարները: Հենց դրանց բացակայության պատճառով է տպարանում կուտակվել, օրինակ, «Ազգի» պարտքը:

Այսինքն, այդ տպաքանակը և գովազդը չեն ապահովում թերթի՝ որպես լրատվամիջոցի սպեցիֆիկ ձևաչափը՝ տպագրությունը: Մնացյալը՝ աշխատավարձ, հոնորար և այլն, նույնիսկ ապահովելու, և գոյության այլ՝ առավել հավանական է՝ առցանց կայքի ձևաչափի անցնելու պարագայում, այն շուտով դադարելու է  թերթ կոչվել: Ինչպես դա տեղի ունեցավ «Հետքի» դեպքում (նկատի ունենք բացառապես ձևաչափերի խնդիրները և ոչ  մի դեպքում՝ հովանավորչական գումարները-ԵՄԱ Ամփոփագիր): Արդեն ասում ենք ոչ թե՝ «Հետք» թերթ, այլ՝ «Հետքի» կայք:

Սակայն «Ազգը» կարծես թե այս ճանապարհով էլ չի պատրաստվում գնալ, քանի որ համացանցում նրա վերջին համարը ուղիղ մեկ ամսվա հնության է: Այդ ընթացքում թերթն ապարդյուն փորձել է կապվել իր հիմնական բարերարի հետ՝ տեղյակ պահելու իրավիճակի մասին: Վերջին տեղեկությունը կարող էր այդպես էլ չարժանանալ ուշադրության կամ թե դրան վերագրվեին այլ պատճառներ, եթե չկապվեր մեկ ուրիշ՝ սկանդալայինի հասած պատմության հետ:

Էլ ի՞նչը հերքես

Մինչ 24 տարիների պատմություն ունեցող թերթի գլխավոր խմբագրի հեռախոսազանգերին պատասխանում էր բարերարի թիկնապահը, իսկ բարերարի գտնվելու վայրը հայտնի չէր, հայ լրագրողներին օգնության եկան կորեացի գործընկերները: Նրանց հրապարակած լուսանկարը և հոդվածը պատասխանեցին մի քանի հարցերի՝ որտեղ են ազգիս բարերարը և Նախագահը, ինչու, և ինչով են զբաղված: Ավելին՝ նույնիսկ ինչ արժե այդ ամենը կորեական և ամերիկյան տարադրամներով: Զարմանալիորեն կարճ ու բովանդակալից այս հրապարակումը տվել էր թեմային ներկայացվող բոլոր հարցերի պատասխանները՝ թեժ կետից: Մնացած հարցերի պատասխանները հայ լրագրողներն արդեն պետք է գտնեին այստեղ՝ տեղում: Հայաստանյան լրատվամիջոցներն անցնող շաբաթում հիմնականում վերլուծության ենթարկեցին այս տեղեկությունը՝ հընթացս հնչեցնելով ավելի շատ հարցեր և բարձրացնելով խնդիրներ, որոնք ընթերցողների  մեջ էին արդեն հարցեր առաջացնում:

Նախագահի արձակուրդի մասին շաբաթներ առաջվա պաշտոնական տեղեկատվությունն աղքատիկ էր և ոչինչ չասող: Իսկ հետագայում ԶԼՄ-ների հարցումներին տրված ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումները գրեթե ոչինչ չավելացրին հարավկորեացի լրագրողների արդեն իսկ հայտնած տեղեկություններին :  Դրանք այնուհետև պաշտոնապես ոչ հերքվեցին, ոչ մեկնաբանվեցին: Սակայն այս թեման, միևնույն է, մնաց շաբաթվա թեժ տասնյակում:

Չլսված, չտեսնված, չլրագրություն

Զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի հերոսական արարքի,  այդ մասին պաշտոնական տեղեկատվության, զինվորի ընտանիքի, ընկերների, հարազատների մասին տեղեկությունների ու տեսագրությունների պակաս անցյալ շաբաթում չզգացվեց: Ցավոք՝ նաև անտեղի, ցավոք՝ նաև ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել տեսանյութը, որտեղ երկու լրագրող (համենայն դեպս տեսանյութում երկու բաձրախոս էր առկա՝ երկու լրատվամիջոցի լոգոներով) բառացիորեն խոշտանգում էին Արմենի մորը, որն ակնհայտորեն  ջանքեր էր գործադրում խոսելու, ինչ-որ բաներ պատմելու, իր զգացածն արտահայտելու: Եվ այդպես՝ րոպեներ: Այնքան, որ տանջահար կինն ասաց. «Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ»: Դրանից հետո էլ «նկարահանումները» շարունակվեցին, լրագրողների երախն ընկավ նաև ազգական մեկ այլ կին, որի սարսռեցնող ողբը տեսանյութի ավարտին արդեն ոչ մի առնչություն չուներ լրագրողի՝ տեղեկություններ հաղորդելու առաքելության իմիտացիայի հետ (հղումը չի տրվում՝ չտարածելու չլրագրության այդ օրինակը-ԵՄԱ Ամփոփագիր):

Թիրախը՝ լրագրողները

Գլխավոր մտահոգությունը այս շաբաթ էլ կարծես թե մնալու է Ուկրաինան՝ առավել ահագնացող արյունահեղությամբ: Էլ առավել ցավալի են լրագրողների դիտարկումները, ըստ որոնց, Մայդանում հատուկ ուժայինները լրագրողների նկատմամբ թիրախավորված են կրակում:

Ընդ որում, ոչ միայն՝ լրագրողների, այլև տեսանկարահանում կատարող սարք բռնած ցանկացած անձի նկատմամբ.«Նպատակը միակն է՝ չեզոքացնել լրագրողներին, արգելափակել լուսաբանումը, կանգնեցնել ինֆորմացիայի հեռարձակումը»,- media.am–ին տեղեկացնում է ուկրինացի լրագրող Օլեգ Խոմենոկը:

Անհնարինը՝ ակնհայտ

Ամենանշանակալին, որ տեղի ունեցավ լրատվական դաշտում, ստվերվեց վերոնշյալ իրադարձություններով: Հայ լրագրությունն ունցել է անշուշտ բանտային կյանքի խրոնիկոն, օրագրեր տպագրելու փորձ (ամենավերջին նշանակալից օրինակներից՝ Նիկոլ Փաշինյանի օրագիրը օրերս համացանցում անհասանելի է կայքի վերաձևավորման պատճառով), սակայն առաջին անգամ ԶԼՄ ղեկավարը աշխատանքի է ընդունում ցմահ բանտարկյալի, մարդու, որը նույնիսկ, իր իսկ խոսքերով, չգիտի ինտերնետն ինչ տեսք ունի, քանի որ 18 տարի է՝ բանտում է: «Հետքի» նոր թղթակիցը իր շնորհակալությունն է հայտնում գլխավոր խմբագրին՝ կարևորի մասին բարձրաձայնելու՝ իրեն տված հնարավորության համար: Իրականում այդ հնարավորությունը՝ վերջապես լսելու կարևորի մասին՝ տրվել է «Նուբարաշենից» դուրս գտնվող հայ հասարակությանը:

Նկարը՝ http://life.panorama.am/ կայքից:

Leave a Reply