ԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՄՐԵԼ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Փաստորեն գազն ու դրա շուրջը մետաստազներ տված կրիմինա՛լը չդարձան տարվա վերջին ամենաաղմկոտ ակորդը. դրանց փոխարեն ողջ հասարակությունն ու մամուլը ինտենսիվ քննարկում է լրագրողների պահվածքը Ազգային ժողովում և նրանց իրականացրած ակցիան: Ճիշտ էին, թե սխալ այդ  լրագրողները՝ պետք է որ միայն իրենք ու իրենց խմբագիրները որոշեն:

Լրագրողական էթիկայի առավել սարսափելի ու հետագա ազդեցության տեսանկյունից անդառնալի կոպիտ խախտումներ տեղի ունեցան ողջ տարին ՝ ռեպորտաժներ գրեթե հերձարաններից, արնաշաղախ մարմիններ՝ վթարներից ու պատահարներից, անուն-ազգանունով, հասցեով և հարևանների մասին տեղեկություններով ներկայացվող կասկածյալներ, սոցիալապես խոցելի վիճակում գտնվող երեխաներ, որոնց դեմքները՝ իրենց ծնողներից սկսած բոլորը հարկ են համարում լուսա-տեսանկարահանել՝ զանազան օգնությունների ակնկալիքով կամ արդեն իսկ հատկացրած օգնությունը հանրայնացնելու և դրանով հպարտանալու համար, այսպես կոչված տնտեսական լուրեր, որոնք այդ ժանրի հետ աղերս անգամ չունեն՝ մաքուր գովազդ լինելու պատճառով՝ եթե միայն և բացառապես թվարկվե՛ն հայ լրագրության էթիկական նորմերի խախտումները, չի հերիքի ԵՄԱ Ամփոփագրի մեկ ամբողջ թողարկում: Այս խախտումներից և ոչ մեկն այնպիսի աղմուկ չբարձրացրեց, որքան այս վերջինը, որը «խախտում» անվանել հնարավոր է միայն մեծ վերապահությամբ:

Հիմքում

Անցնող ամբողջ տարվա ընթացքում այնքան աղմկոտ իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից յուրաքանչյուրը հանգիստ կարող էր ՀՀ ամենաբարձր պաշտոնյաների, կառավարության և Ազգային ժողովի հրաժարականների և լուծարումների, արտահերթ ընտրությունների պատճառ դառնալ: Այդ պատճառների մեջ կային այնպիսիք, որոնց մասին հասարակությունը տեղեկացավ հենց ԶԼՄ-ներից, հենց լրագրողներն էին բացահայտել դրանք: Դրանցից յուրաքանչյուրի հրապարակումից հետո միամտաբար սպասում էինք, որ աշխարհը հենց հիմա շուռ է գալու, որ վերջ՝ այլևս սպառվել են ցինիզմի և նորագույն ժանր «կռուտիտի» բոլոր պաշարները, ա՛յ հիմա արդեն կլինի մի հրաժարական, որով իշխանությունները գոնե ձևականորեն ցույց կտան, որ չեն ուզում այլևս նվաստացնել հասարակության արժանապատվությունը, բորբոքել նրա զայրույթի կրակը: Ոչ մի ուրիշ բացահայտում չենք ուզում հիշեցնել, այս  մեկ տարվա ընթացքում միայն ու միայն օֆշորը հերիք էր տեղական ու միջազգային իրարանցման համար: Այսինքն՝ պե՛տք է որ հերիք լիներ: Այս շարքի բացահայտումներից յուրաքանչյուրին մի Ուոթերգեյթ պետք է որ հետևեր, լրագրողական այսպիսի յուրաքանչյուր աշխատանքի համար հանրությունը իր շնորհակալությունը պետք է հայտնի իր ճիշտ եզրահանգումներով ու դրանցից բխած պահանջ-գործողություններով:

Լրագրողներին համերշախություն հայտնեցին գրեթե միայն լրագրողները՝ քիչ թե շատ բազմապատկելով այդ տեղեկությունը նույն թեմայով սեփական նյութերով: Ոչ այնքան սկանդալի հետևից գնալու, որքան այն մեղմելու համար մի քանի խորհրդանշական քայլեր էր կատարվեցին ՀՀ պետական ատյանների կողմից, ինչպես օրինակ Գլխավոր դատախազության գործողություններն էին: Եվ վե՛րջ:

Մեր խորին համոզմամբ, գազի , իբրև թե դրա դիմաց կուտակված ռուսական պարտքի, մինչ այդ մաքսային խաղերի և շատ այլ, մեղմ ասած, կասկածահարույց գործողություններ կարելի կլիներ արմատախիլ անել կամ գոնե հույս կա, որ գուցե դա հնարավոր կլիներ, եթե հասարակությունը չսպասեր այդ ամենավերջին կաթիլներին և գնար լրագրողական հետաքննության օֆշորային հետքով և իշխանություններին չներեր հենց դա և չսպասեր գազին, Մաքսայինին, 150 դրամին:

Գուցե դա բացահայտած լրագրողներն ու իրենց գործընկերներն այդպիսով կհասկանայի՞ն, որ իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը այս հասարակությանը անհրաժեշտ է: Եվ կոգևորվեին՝ հետագա բացահայտումների ու հետաքննությունների: Եվ չլցվեր նրանց համբերության բաժակը, որը պրոֆեսիոնալ գործողություններով մեր հասարակությունում ոչ մի կերպ հնարավոր չի լինում դատարկել:

Եվ երբ դա տեղի չունեցավ մեկ անգամ, հետո՝ երկրորդ, հետո՝ էլի, այդքան պահանջված որակյալ, խորքային , էթիկական, հանրային շահին ծառայող լրագրությունը հենց մենք՝ այդ հանրությունն այնքան խեղճացրինք, որ չնկատեցինք էլ, թե ինչպես այն անկյուն քշեցինք ու դարձրինք քաղաքացիական ակտիվություն:

Վերադառնալով էթիկային

Վերևում թվարկված լրագրողական տարրական գրագիտությա՛ն բացակայության, չէ թե՝ էթիկայի խախտումների դեպքերի նկատմամբ մեր (հասարակության և ոչ ԵՄԱ Ամփոփագրի, քանի որ վերջինս ողջ տարին գրել է այդ մասին– ԵՄԱ Ամփոփագիր) անհարկի հանդուրժողականության արդյունքում լրագրությունը մրոտելու արվեստ դառնալու ռիսկի տակ է հայտնվել:

Եվ ինչո՞ւ հանկարծ ամենաբարձր պահանջները ներկայացվեցին հենց ա՛յդ լրագրողներին: Թերևս միայն այն պատճառով, որ կանոնները երբեմն խախտում են նրանք, ովքեր գիտեն դրանք:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

One Response to 'ԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՄՐԵԼ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ'

  1. Արա Ղազարյան says:

    Գագիկ Ջհանգիրյանի ՄԻԵԴ ներկայացված մի քանի դիմումների շարքում առկա է նաև այն դրվագը, որտեղ նա ելույթ էր ունենում Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 23-ին, որի հիմքով նրա դեմ սկսվեց իրականացվել կարգապահական, իսկ հետագայում նաև քրեական հետապնդում։ Այդ դրվագով նա վիճարկում էր իր ազատ արտահայտվելու իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը մերժեց, նշելով, ի թիվս այլ հիմքերի, որ իր ելույթում նա անդրադարձել էր նաև այն քրեական գործին, որի քննության մեջ ժամանակին ներգրավված եղել որպես դատախազ (հոկտեմբերի 27-ի գործը), այսինքն հանրահավաքի իր ելույթում նա քննարկել էր նաև մի հարց, որն ուղղակիորեն առնչվում էր իր աշխատանքային պարտականություններին և այս հիմքով նրա դեմ կարգապահական վարույթ հարուցելը էթիկայի նորմերը խախտելու հիմքով ՄԻԵԴ-ը իրավաչափ է համարել։ Զուգահեռ կարելի է անցկացնել լրագրողների բողոքի ակցիայի հետ. եթե նրանք բողոքի ակցիա կատարեին իրենց աշխատանքային իրավունքների կամ ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության դեմ, դա կարելի էր հասկանալ, իսկ եթե բողոքի ակցիա են կազմակերպում մի քաղաքական իրադարձության դեմ, որի մասին քիչ անց պետք է հոդված գրեն, նրանց անաչառության վրա իսկապես պետք է կասկածել։ Տեղի է ունեցել դերերի շփոթում. լրագրողական գործունեությունը պետք չէ շփոթել քաղաքացիական ակտիվիստների գործունեության հետ։ Իսկ եթե ցանկություն ունեն դառնալ քաղաքացիական ակտիվիստ կամ իրավապաշտպան, ապա չպետք է զբաղվեն լրագրողական գործունեությամբ։

Leave a Reply