ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր, ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր

 

«Խոստանում ենք՝ ձեզ ցույց չենք տա, ձեր անունը չենք ասի, այդ հաղորդումը միայն Ղազախստանում ցույց կտանք, ուրիշ ոչ մի տեղ: Միայն թե պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ մոտ»,-այսպես էր ղազախ լրագրողը համոզում իր հայ գործընկերոջը, որի ոչ անունն էր հարցրել, ոչ աշխատավայրը, ոչ պաշտոնը: Երևանի մամուլի ակումբ զանգահարած մեր ղազախ գործընկերը զարմանում էր, թե ինչու է հարցազրույցից հրաժարվում իր անհայտ կոլեգան, երբ վերջինիս տրվում են «անվտանգության բոլոր երաշխիքները»: Բոլոր հավաստիացումները, որ այդպես հնարավոր չէ աշխատել, որ լրագրողը, բացի «ղազախ լրագրող է ձեզ անհանգստացնում» նախադասությունից, իր մասին այլ տեղեկություններ ևս պետք է հաղորդի հարցազրույց  խնդրելուց առաջ: Ավելին, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար նա ի՛նքը պետք է հետաքրքվի և իմանա առնվազն, թե ումից է ակնկալում այդ դրանք: Եթե նույնիսկ չի պատրաստվում հաղորդել վերջինիս անունը:

Անհույս

Մեր կոլեգան այդպես էլ տարակուսած մնաց, թե ինչու հայ լրագրողը «չմտավ իր դրության մեջ» և մերժեց մի քանի տող պատմել այն մասին, թե ինչպես են հայ ցուցարարները «գրոհում» ՀՀ նախագահի նստավայրի վրա (խոսքը մի քանի օր առաջ ազատամարտիկների կանանց՝ Նախագահի հրաժարականի պահանջով ցույցի մասին է):

Ա՛յլ հարց է, թե ինչու հանկարծ Հայաստանի՝ արդեն ներկա ստրատեգիական գործընկեր երկրի մեր գործընկերը հետաքրքրվեց հենց ա՛յս ակցիայով. չէ որ դրանից ոչ շատ առաջ, օրինակ, Շանթ Հարությունյանի բողոքի ակցիան առավել մեծ աղմուկ հանեց:

Այստեղ ապշեցնողն այն կաննոներն էին, որոնցով աշխատում են մեր «Միութենական» գործընկերները: Կանոնները կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը:

Հորդորները, որ իր ցանկացած տեղեկությունները, այն էլ իր նախընտրած՝ մի երկու ընդհանուր տողի, առանց աղբյուր ճշտել-նշելու ֆորմատով, ինքը կարող է գտնել համացանցում, ևս մնացին անօգուտ. նրան ձայն էր անհրաժեշտ՝ իր եթերը զարդարելու համար:

Անկախ նրանից, թե հայաստանյան և միջազգային լրահոսում օրական քանի ոչ ստույգ, ոչ հավաստի, առանց հղումի և այլ արատներով տեղեկություններ են հայտնվում, անցնող շաբաթ տեղի ունեցած այս դեպքը դեպրեսիայի և տհաճ կանխապրումների մի լրացուցիչ առիթ կարող է դառնալ լրագրողական համայնքի համար: Չէ՞ որ բոլոր «լավատեսական» կանխատեսումներով, մենք շատ շուտով կհայտնվենք տնտեսական, քաղաքական և իհարկե սրանից անխուսափելիորեն բխող՝ նաև տեղեկատվական ընդհանուր դաշտի մեջ, որտեղ բազմաթիվ նշաձողերի թվում, նաև տեղեկատվության մատուցման նշաձողը կարող է իջնել: Համենայն դեպս շատ բան կախված կլինի տեղեկատվության պահանջարկից, «պետպատվերից» և տեղեկատվական աղբյուրներին տրված՝ վերևում նկարագրված «երաշխիքներից»:

Հուսադրող

Այս տխուր մտորումների ֆոնին հուսադրող են հայաստանյան լրատվական դաշտի անցնող մի քանի օրվա ջանքերը՝ հնարավորինս շատ տեղեկացնել իր լսարանին այն ամենի մասին, ինչը կատարվում է Վիլնյուսում: Այստեղ հատկանշականն այն է, որ ներկայացվում են ոչ միայն իրադարձությունների հայ մասնակիցների հաղորդումները և մեկնաբանությունները, այլ նաև բավական շատ են առանց միջնորդության տեղեկությունները՝ ուղիղ միացումները Լիտվայի մայրաքաղաքից: Իհարկե այն միջոցառումներից, որտեղից դա հնարավոր էր:

Լուսանկարը՝ http://oursocialtimes.com կայքից:

Leave a Reply