«ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ» ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Անցնող շաբաթում մեր լրատվամիջոցները մի շարք քննություններ չհանձնեցին: Քննությունները դժվար չէին, սակայն լրահոսին զուգահեռ գնալու փոխարեն մեր լրատվամիջոցներն ընկել էին լրահոսի բերանն ու թեթև տաշեղի պես քշվում էին այս ու այն կողմ: Եվ տեղեկացնելու և կողմնորոշելու փոխարեն էլ ավելի էին խճճում սպառողին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի նշանակման մասին լուրի խառնաշփոթի առթիվ մի քանի կայքեր, ինչպես օրինակ, այս մեկը հրապարակելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրությունը՝ վերնագիրը թողեց անփոփոխ՝ «ՀՖՖ. մեր copy-paste լրատվությունը հայտնվել է հերթական անհեթեթ վիճակում»:

Որքան էլ ցավալի լինի, սակայն լրագրողներս ճարահատ ընդունել ենք ՀՖՖ մամուլի քարտուղարության՝ մեր լրատվության բնորոշումը:

Եթե այդ բնորոշմանը նայենք նկատի ունենալով ոչ միայն բուն copy-paste-ը, այլև առավել լայն սպեկտր՝ մասնագիտական ցածր ստանդարտներ, անբարեխիղճ լրագրություն, ծուլություն, աննրբանկատություն, մարդու անձնական կյանքի, դժբախտ պատահարների զոհերի և նրանց հարազատների, ինչպես նաև սեփական լսարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ապա՝ ավելին, «copy-paste լրատվություն» բնորոշումը կարող էր  ընդհանրապես անցնող շաբաթվա մեդիայի կարգախոսը համարվել:

Փնթի լրատվություն-1

Հայտնի դերասանի մասնակցությամբ ավտովթարի մասին  պատմող նյութերը՝ լինեն լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում, լի էին ոչ կոռեկտ, անբարեխիղճ, նույնիսկ անտրամաբանական ու մեղադրանքներով համեմված :

Դրանցից ամենաարտառոցներից են թերևս մի քանիսը: Օրինակ, հայտնի փաստաբանի միանշանակ պնդումները՝ վթարի հստակ սցենարով: Մինչդեռ մի քանի պարբերություն հետո նույն զրուցակիցն ասում է, թե  ինչ է անհրաժեշտ, որպեսզի ինքը միանշանակ կարողանա ասել, թե վթարն ինչպես է եղել: Ավելին, նույն զրուցակցին հղում անելով կայքը շարունակում է, որ մեր երկրում դեռևս չկա փորձագիտական մեթոդիկա՝ որը «հստակ, 100 տոկոս ցույց տա եւ մոդելավորի, թե վթարը ինչպես է եղել, ինչը վաղուց կա  եվրոպական երկրներում:» Այսինքն յուրաքանչյուր հաջորդ նախադասությունը հակասում է նախորդին կամ բացառում այն: Ընդ որում՝ այս ամենը նույն աղբյուրից:

Հազիվ թե այսպիսի «լուսաբանումը» պարզություն է մտցնում ընթերցողի կյանքում:

Հետևյալ լուսաբանումը, որ թվում է՝ կատարվել է վթարի հետևանքով տուժած մյուս կողմի շահերից, հիմնված է բացառապես ընթերցողի համար չբացահայտվող զանգերի (կամ զանգի) վրա՝ վթարի մասնակից մյուս կողմի նկատմամբ մեղադրանքով, տուժածների ֆիզիկական և հոգեկան վիճակների մասին երկրորդ ձեռքից ստացված մանրամասն և չխմբագրվածի տպավորություն թողնող տեղեկություններով: Սա էլ դեռ ոչինչ՝ տպագրված են մեքենայում եղած բոլոր անչափահասների լուսանկարները:

Փնթի լրատվություն-2

Առավել անհեթեթ ու տգեղ էին Ստանիսլավսկու անվան թատրոնի երիտասարդ դերասանի մահվան ու դրան հաջորդող իրադարձությունների «լուսաբանումները»: Այս մի նյութը կարելի է տեղադրել լրագրության դասագրքերում և վերնագրել՝ «Ինչպե՛ս չի կարելի նկարահանել մահացածներին, ինչպե՛ս չի կարելի նկարահանել նրանց հարազատների վիշտը՝ սխալ ռակուրսներ, ոչ կոռեկտ հնարքներ»: Այս մյուս նյութը ևս «դասագրքային» է, որը պետք է տեղադրել «Ոչ կոռեկտ վերնագրեր» բաժնում ու մատնացույց անել ուսանողներին, որ երբեք այսպիսի սրբապղծություն չանեն: Այս վերջին օրինակի կապակցությամբ միակ մխիթարությունը թերս կարող է լինել այն, որ երիտասարդի մայրը այս օրերին հազիվ թե այցելի այդ կայքը:

«Արտակարգ» լրատվություն

Դժբախտ պատահարների ու մահերի լուսաբանման մեջ մասնագիտացված լինելու հավակնություններ ունեցող անձինք անցնող շաբաթում ևս փայլեցին լուրի և  ընթերցողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Ինչպես օրինակ, այս հոդվածը, որ պատմում է ուսումնավարժության մասին, սակայն վերնագրված է «Արտակարգ իրավիճակ Հայփոստ ՓԲԸ-ի գլխամասային մասնաշենքում»: Նկատեք և նկատի ունեցեք՝ արտակարգ իրավիճակ բառերը չակերտներում չեն:

Նույն օրվա մեջ գրեթե միաժամանակ նույն կայքում հրապարակում է ՝ «Արտակարգ իրավիճակ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց» հոդվածը: Ընթերցողը կարող է կարծել, թե մի ուսումնավարժանք էլ ԱՄՆ դեսպանատան մոտ է իրականացվել: Բայց՝ ոչ, այստեղ վարժանք չկա, այստեղ կա բաց դիտահոր, որն, ինչ խոսք վտանգավոր է երթևեկության համար, բայց և այնպես ներկայացված ֆոտոշարքում այդպես էլ չկար արտակարգ պատահար, կամ գոնե լրագրողի վկայակոչած վարորդներից մեկը, որը իր մեքենայի՝ դիտահորում հայտնվելուց հետո «ամենավերջին խոսքերով հիշում է» պատասխանատու չինովնիկներին:

Փաստորեն՝ արտակարգ իրավիճակ հասկացության ևս մեկ՝ ոչ ավանդական ընկալում:

Հայփոստի շենքի մոտ «արտակարգ» իրավիճակի մասին լուրի հաղորդման դափնիները սակայն պատկանում են մեկ այլ կայքի, որի լրագրողը ինչ-որ դեպքերի ականատես լինելով, այնքան է ահաբեկվել, որ խմբագրություն հասնելուն պես նստել և արագ շարադրել է դրանք՝ առանց որևէ բան ճշտելու: Իսկ հետո, անգամ երբ ճշտել-վերջացրել են, նյութի վերնագիրը թողել են նույնը՝ «Արտակարգ իրավիճակ Սարյան փողոցում. դպրոցում փլուզում է տեղի ունեցել»

Հերթական լրատվություն

Ոչ արտակարգ, հակառակը՝ միանգամայն հերթական իրավիճակն է ստեղծում Հանրային հեռուստաընկերությունը՝ անհարգալից վերաբերվելով թե լուրին, թե լսարանին: Այս հանրային լրատվամիջոցը «Առաջին լրատվականի» հոկտեմբերի 22-ի ժամը 21.00-ի թողարկման ժամանակ մեծ հպարտությամբ պատմում է Սպիտակ տանը պահվող հայ որբերի գործած գորգի և Հակոբ Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի մասին՝ հղում կատարելով «Վաշինգթոն պոստի» հրապարակմանը: Սակայն լռում է այն մասին, որ Սպիտակ տունը հրաժարվում է գորգը տալ ցուցադրության Սմիթսոնյան ինստիտուտում, ինչը պակաս կարևոր նորություն չէ:

«Առաջին լրատվականի» հոկտեմբերի 22-ի ժամը 21.00-ի թողարկման հղումը հնարավոր չէր գտնել համացանցում. Հանրայինի կայքէջը դեռևս հավանաբար նորոգման փուլում է, և բացի այդ պահի եթերից, այնտեղ միայն մի քանի այլ՝ ոչ լրատվական հաղորդումներ են տեղադրված: Իսկ Հանրայինի յութուբի խողովակում այդ թողարկումը, ինչպես նաև հաջորդ օրվա բոլոր թողարկումները բացակայում են:

One Response to '«ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ» ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ'

  1. Ara Ghazaryan says:

    Այս ամենը շատ օգտակար է։

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*