ՇԱԲԱԹՆ՝ «ԻՐԱ» ԼԱՎ ՈՒ ՎԱՏՈՎ

Անցնող շաբաթում ԶԼՄ-ներում առավել, նույնիսկ չափազանց շատ գործածվեցին Եվրամիություն-Մաքսային միություն և դրանց հարակից արտահայտությունները: Գործածվեցին՝ ստեղծելով թեմայի թեժացման պատրանք: Սակայն այդպես էլ չավելացավ հայ հասարակության տեղեկացվածությունը այս հասկացությունների իրական բովանդակությունից: Թեև հնարավոր է, որ հայ հասարակությունը առանձնապես կարծես հետաքրքրված էլ չէր այդ բովանդակությամբ, այլ անհամբեր սպասում էր այս կամ այն եվրո և հայ չինովնիկի մեկնաբանություն-հայտարարությանը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորության մասին:

Սպասում էր և ստանում էր. այսպիսի հայտարարությունների պակաս անցնող շաբաթում չեղավ՝ բառացիորեն պատեպատ տալով ոչ միայն հայ հասարակությանը, այլև տարրական մարդկային տրամաբանությունը: Իսկ «բովանդակային» լուսաբանումների պակասը թերևս կարելի է բացատրել մի կողմից՝ Ասոցացման համաձայնագրի տեքստի դեռևս գաղտնիությամբ, մյուս կողմից՝ Մաքսային Միության հետ կապված որևէ փաստաթղթի առհասարակ բացակայությամբ: Եվ եթե վերջինի դեպքում տեղեկատվության պակասը «լրացվում էր» դիֆերամբներով, ապա առաջինի դեպքում փորձ էր արվում բովանդակությունը շատ ավելի խորը և հնարավորինս անհետ թաղելու ուղղությամբ: Բոլոր նրանք, ովքեր չեն փոխել իրենց ուսադիրները և շարունակեցին մնալ եվրաինտեգրման ջատագով անգամ անցնող շաբաթում, կամ ակտիվ հանդես չեկան իրենց դիրքորոշմամբ, կամ, ինչպես նրանցից որոշներն են պնդում, մուտք չունեին առնվազն հեռուստատեսություն, կամ էլ՝ վատթարագույն տարբերակը՝ այնքան թույլ փաստարկ-հակափաստարկների պաշար ունեին, որ ավելի շատ արջի ծառայություն մատուցեցին եվրաինտեգրման գաղափարին ընդհանրապես:

Թացն ու չորը՝ մեկ դեզում

Սակայն կա մեկ հրապարակում, որն առնաձնացնում ենք ոչ դրանում տեղեկատվության պակասի կամ բացակայության, այլ բացառիկ անբարեխղճության պատճառով: Այստեղ մեջբերում է կատարվում միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ից, հետաքրքիր վերլուծություն է արտատպվում շաբաթվա ամենաթեժ թեմայով՝ բացահայտելով նյութի ամբողջ բովանդակությունը, առանց ակտիվ հղում կատարելու: Այս նույն լրատվամիջոցը անցյալ շաբաթ առանց որևէ աղբյուր նշելու, բացառապես սեփական անձին հղում կատարելով, հրապարակեց Եվրամիության կողմից Թվինինգ ծրագրի դադարեցման մասին «տեղեկությունը» և հավանաբար հաճույքով հետևեց, թե քանի լրատվամիջոց միամտություն ունեցավ արտատպելու այդ նյութը՝ ակնհայտորեն առանց ստուգելու: Տեղեկատվության հնարավոր աղբյուրներում՝ Եվրամիության կայք, Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայք և այլն երկար ու ապարդյուն փնտրտուքից հետո պատասխանը եղավ մի քանի ժամ անց՝ այդ տեղեկատվությունը արտատպած կայքում և այլ լրատվամիջոցներում հրապարակվեց դրա հերքումը: Սակայն նույնիսկ այդ ժամանակ «սկզբնաղբյուր»՝ բառի վատագույն իմաստով կայքը դեռ չէր հրապարակել հերքումը:

Մի՞թե  այդքան դժվար է հասկանալ՝ արդեն անցնող շաբաթում նույն կայքի հրապարակումը, թե արտատպումը ԲիԲիՍի-ից՝ արդեն արժանահավատ չէ. եթե ընթերցողն սկսեց կասկածել և ստուգել յուրաքանչյուր հրապարակում, դա ԶԼՄ-ի համար առնվազն «խարակիրիի» է հավասար: Հանուն արդարության նշենք, որ այս անգամ հայաստանյան լրատվամիջոցի օգտագործած սկզբնաղբյուրը գտնել հաջողվեց, սակայն տուժեց վստահությունը:

Այդ դժվար բառը՝ ինքնակարգավորում

Սա մի օրինակն է հենց այն լրագրության, որի դեմ պայքարի նպատակ են հետապնդում անցնող շաբաթում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «քոփի-փեյսթ» անունը ստացած օրենքի հեղինակներն ու ջատագովները: Թեև կան փորձագետներ , որոնք շարունակում են պնդել, որ պետք է չէ կարգավորման տակ դնել այն, ինչը կարելի է ինքնակարգավորել՝ հետևելով ընդամենը սեփական վարքականոններին:

Մի՞թե այլևս անհույս է

Սակայն այն, ինչ կատարվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում և Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդում, համենայնդեպս այն, ինչ տեսանելի է անգամ անզեն աչքով, թվում է, ոչ ինքնա-, ոչ էլ որևէ այլ  կարգավորում փրկել չի կարող:

Թերահավատները հրավիրվում են ծանոթանալու Ազգային ժողովում ՀՌԱՀ-ի նախագահի հաղորդման լուսաբանմանը և ընթերցելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը 2012թ. «իրա» գործունեության վերաբերյալ: Միայն մեկ մեջբերում. «2012թվականին Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է պահպանել իրա առաջատար դիրքերը հայկական հեռուստաեթերում»: Ցավոք սա հիշեցնում է նեխած ձվի մասին ասացվածքի արդիականությունը՝ պետք չէ այն մինչև վերջ ուտել՝ համոզվելու  համար, որ նեխած է:

Լուսանկարը՝ m.news.am  կայքի:

Leave a Reply