ԹԵԺ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆ

Լրագրողների համար սովորաբար իմաստավորված է ամառվա այն հատվածը, երբ իրենք արձակուրդում հանգստանում են: Քանի որ մասնագիտական տեսանկյունից ամառվա մնացած մասը համարվում է մեռած կամ կորած սեզոն, երբ գրեթե երբեք իրադարձություններ տեղի չեն ունենում ոչ տեղական` հայրենական մակարդակում, ոչ միջազգային, ոչ էլ քրեական քրոնիկոնն է փրկում լուրերի պակասը:

Անցնող շաբաթը, ինչպես և անցնող ամառը այդ առումով իսկապես բացառություն են հատկապես հայաստանյան լրատվամիջոցների համար: Ի տարբերություն և ի հակադրություն եղանակի, լրատվական ամառն այս անգամ թեժ է: Թեժ և բազմազան:

Սկսած հայ-թուրքական սահմանին ենթադրյալ թուրք հովվի գնդակահարությամբ և երկու կողմից հետևած դիվանագիտական նոտաներով, «Նոր ալիք» մրցույթին հետևած մերձմշակութային զարգացումներով, «Վճարիր 100 դրամ» ակցիաների շարունակական բողոքներով, վերջացրած փարքինգի համար սահմանված վճարների օրինականության կասկածներով և ցավոք, հայտնի ու սիրված մարդկանց կորստով:

Սրանք միայն ամենաթեժ թեմաներն էին, որոնք անցնող շաբաթ կային գրեթե բոլոր, եթե չասենք` բացառապես բոլոր լրատվամիջոցներում: Սակայն կային նաև բազմաթիվ այլ թեմաներ, որոնք լուսաբանվեցին անցնող շաբաթում, ինչպես` Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը ընդառաջ քաղաքական վերլուծությունները և իրականացվելիք ծրագրերի մասին հրապարակումները: Եզակի բազմազանություն, որ առատորեն թափվեց մեր գործընկերների գլխին «մեռյալ» սեզոնի կիզակետում:

Թե ինչքանով էին այդ թեմաներով հրապարակումները և լուսաբանումները համապատասխանում լրագրողի մասնագիտության չափանիշներին, ցավոք, ակնառու դարձավ մեկ օրինակով: Որքան էլ այն մասնավոր, միևնույն է, արտացոլում է ոչ հավասարակշիռ, ոչ հետևողական, կողմնակալ և ընտրողական լուսաբանումներից հասարակության գերհագեցածության աստիճանը:

Մինչև անցող շաբաթվա կեսերը լրագրողները, այն էլ` պայմանականորեն ասած` ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները սովոր էին, որ այս կամ այն միջոցառումից իրենց կարող են դուրս հրավիրել կամ անգամ ներս չթողնել, եթե այդ միջոցառումը կազմակերպված/բեմադրված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Պատճառաբանությունները ամենատարբեր կարող էին լինել` ընդհուպ սրահի փոքրություն, ինչպես եղավ ամիսներ առաջ Գյումրիում ՀՀ նախագահի այցի ժամանակ:

Այդպիսի տհաճ իրավիճակների մեջ իր լրագրողական կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ հայտնվել է «Հայկական ժամանակի», «Առավոտի», «Ա1 պլյուսի» և մի քանի այլ լրատվամիջոցների գրեթե յուրաքանչյուր լրագրող:

Անցնող շաբաթը շրջեց այս պատկերը, երբ քաղաքացիական ակտիվիստներն իրենց նախաձեռնած քննարկումից դուրս հրավիրեցին այսպես կոչված իշխանական և իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Անկախ տվյալ ԶԼՄ-ի արտադրած հատկապես լրատվության որակի նկատմամբ եղած դժգոհության արդարացիությունից, այնուամենայնիվ կան դժգոհության արտահայտման բազմաթիվ այլ, առավել քաղաքակիրթ ձևեր, որոնց կարելի էր դիմել մինչև լրագրողներին Մաշտոցի պուրակի «դուռը»  ցույց տալը:

Անկախ բերվող պատճառաբանություններից և եղած իրական պատճառներից, լրագրողի գործունեությունը խոչընդոտելը ոչ միայն պարզապես դատապարտելի արարք է, այլև` համարյա քրեական:

«Անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլև` մարդկային տարրական էթիկան»,-ասված է լրագրողական կազմակերպությունների կողմից երեկ տարածված հայտարարության մեջ:

Մյուս կողմից, որքան էլ ցավալի է արձանագրել, բայց սա հայաստանյան ԶԼմ-ների և մասնավորապես` հեռուստաընկերությունների համար գուցե թե խթան դառնա, ինչպես կոչ է արվում դարձյալ նույն հայտարարության մեջ, «պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս և այլ քաղաքացիական շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորեն»:

Մանավանդ որ այս ակցիաները իսկապես շահեկանորեն դուրս են գալիս ստանդարտներից և տալիս են դրանք հետաքրքիր ու կրեատիվ լուսաբանելու հնարավորություն:

Նկարը` www.armnewstv.am կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*