ՈՉ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

tv-gnel-blogԱնցնող շաբաթում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը օլիմպիական հանգստությամբ կրկնեց հունիսի վերջին շաբաթում իր տեղակալի կողմից արված հայտարարությունը: Դրա բովանդակությունը հայտնի է վաղուց: Ե՛վ Երևանի մամուլի ակումբը, և՛ ԵՄԱ Ամփոփագիրը բազմաթիվ անգամներ այդ խնդրին անդրադարձել են: 

Հայտնի է վաղուց՝ որ ժամանակին, որն է՝ 2015թ. հուլիսի 1-ը, թվային հեռարձակման չանցնելու դեպքում հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները պետք է դադարեցնեն հեռարձակումը՝ իրենց տեղը զիջելով հարևան երկրներին: Ճիշտ այնպես, ինչպես արդեն վաղուց տեղի է ունենում Հայաստանի որոշ սահմանամերձ շրջաններում:
Կապի նախարարն իհարկե հավաստիացրել է, որ ինքն ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա: Սակայն, ինչպես արդեն բազմիցս ասվել է, մեկ հոգու ծայրագույն ջանքերն էլ բավական չեն լինի դրա համար: Լրջագույն միջոցառումներ ակնկալող այդ գործընթացը այդպես էլ պատշաճ ուշադրության չի արժանանում ոչ պետական այրերի, ոչ էլ լրագրողական համայնքի կողմից: Ոչ անցնող, ոչ էլ անցյալ շաբաթներում:

Ուրիշի համար փոս փորողը

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի դեմ անցնող շաբաթում գործեց իր իսկ «զենքը». դեռևս այս տարվա գարնանը գաղտնի կատարված ձայնագրության հրապարակումը բացահայտեց, որ նա ամենևին էլ դեմ չէ այն անօրինական մեթոդներին, որոնք կիրառում են լրագրողները, ինչպես օրինակ՝ իրավապահներին կաշառելը:

Ավելին, Մերդոքն իր պաշտպանության տակ վերցնելու պատրաստակամությունն է հայտնել իր այն լրագրողներին, որոնք այդ պատճառով կարող են իրավական պատասխանատվության ենթարկվել:

Հիշեցնենք, որ Մերդոքին պատկանող թերթի լրագրողները առավել հայտնի էին դարձել մեկ այլ անօրինական արարք թույլ տալու պատճառով՝ գաղտնալսելով մասնավոր անձանց հեռախոսները:
ԵՄԱ Ամփոփագիրը մարտին գրել է այն մասին, որ լորդ Լևեսոնի հանձնաժողովի կողմից հարցաքննության ժամանակ առավել մեծ նշանակություն էր տրվել ոչ այնքան փաստերին ու հանգամանքների շարադրմանը, որքան լրատվամիջոցում առկա մթնոլորտին: «Ես ուզում եմ իմանալ, թե այդ ի՞նչ մթոլորտ, այդ ի՞նչ կլիմա է ձևավորվել ձեր թերթում, որ լրագրողները կարծել են, որ կարելի է այդ ոճով աշխատել, թույլատրելի են համարել այդ գործելաոճը»,- հարցրել էր Լևեսոնը Մերդոքին:

Գաղտնալսված լինելու մասին տեղեկանալուց հետո անցնող շաբաթում մեդիամագնատը պատրաստակամություն էր հայտնել կանգնելու Մեծ Բրիտանիայի պառլամենտականների առջև և հարթելու թյուրիմացությունները: Թե ինչ փաստարկներ կբերի նա՝ հարթելու , իր խոսնակի կողմից որակված «թյուրիմացությունները», պարզ կդառնա առաջիկայում: Սակայն լրագրողներին տրված գաղտնի հանձնարարականներով նա կարծես թե արդեն իսկ պատասխանել է լորդ Լևեսոնի վերոնշյալ հարցին: Փաստորեն այդպիսով մեդիամագնատը բացահայտել է, որ լրագրողները ոչ թե ինքնուրույն եզրակացություններ են արել, ինչպես ցանկալի կլիներ ներկայացնել, այլ՝ ստացել աշխատաոճի կոնկրետ ցուցումներ: Եվ հետագայում էլ պետք է որ դժվար լինի հերքել ակնհայտը՝ աշխատողները կատարել են իրենց գործատուի պատվերը՝ գործատուի առաջարկած/խրախուսած մեթոդներով:

Վատ լրագրության օրինակ

Նույն տպավորությունն է ստեղծվում հայաստանյան լրատվամիջոցներին հետևելիս: Իհարկե այնպիսի աղմկոտ և աշխարհացունց խախտումներ, ինչպիսիք Մեծ Բրիտանիայի դեպքում էր, մերոնք դեռ չեն արել, սակայն անցնող շաբաթվա միայն մեկ հրապարակումը բավական էր հասկանալու, որ օրենքներ ու էթիկայի կանոններ չիմանալ/չիմանալու տալը ստեղծում է մթնոլորտ, որտեղ ամեն միջոց արդարացվում է լսարան գրավելու ճանապարհին:

Լրատվամիջոցը հրապարակել է անչափահասին սեռական բռնության ենթարկելու պատմությունը՝ անունից բացի նշելով բոլոր այն տեղեկությունները, որոնցով կարելի է նույնականացնել այդ անչափահասին: Այսպիսի «լուսաբանումների» մեր լրատվամիջոցներում անընդհատ հանդիպում ենք և, ցավոք, կարծես թե դրանք սովորական են դարձել: Այս անգամվանը սակայն գերազանցեց նախորդներին՝ հրապարակելով անչափահասի …լուսանկարը: Հանուն արդարության նշենք, որ լուսանկարի տակ մակագրություն չկա, սակայն ուղեկցող տեքստը, ինչպես նաև նկարի բովանդակությունը կասկած չեն թողնում, որ սա նույն երեխան է:

Հարգելի գործընկերներ, այսպիով մենք անցել ենք լրագրողական, մարդկային ոչ թե էթիկայի, այլ բարոյականության սահմանները: Ինչպես այդ «հոդվածում էր» նշված, հանցագործներն օգտվել էին աղջկա անօգնական վիճակից: Լրատվամիջոցն էլ, նույն հանցագործների ոգով, օգտվել էր աղջկա անօգնական վիճակից:

Այսպիսի դեպքում կասկածելի է, թե նման գործելաոճը կանխել կարող է էթիկայի կանոնների ընդունումը տվյալ լրատվամիջոցում:

Փնտրտուքներն արդյունք չտվեցին՝ գտնելու այդ լրատվամիջոցի էթիկայի կանոնագիրքը: Բայց անգամ եթե չկա այդպիսին, կարելի է կատարել հայ դասական հերոս Պեպոյի հարցադրումը.«Բաս քո սրտի դավթարո՞ւմ էլ չկա գրված»:

Չլրագրության օրինակ

Այն հույսով, որ մեզ կարդում են նաև լրագրության ուսանողներ, տեղադրում ենք հետևյալ հղումը՝ զգուշացնելով, որ այս անհայտ ժանրի «հոդվածի» և կառուցվածքը, և բովանդակությունը, և լեզուն, և ոգին լավագույնս բացահայտում են, թե ինչպես չի կարելի գրել ոչ միայն լուրը, այլև՝ վերլուծությունը և մնացած հնարավոր բոլոր լրագրողական ժանրերի գործերը: Այդպես երևի գրում են լրագրության հետ ոչ մի առնչություն չունենալու պարագայում:

Լուսանկարը՝ http://blog.banadzev.com-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*