ՍԻՐԵ՞Լ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Երբ լրագրողները դժգոհում են, թե պետական պաշտոնյաներն իրենց չեն սիրում, պետք է հստակեցնել. չեն սիրում այն լրագրողներին կամ այն լրատվամիջոցների աշխատակիցներին, որոնք իրենց առաքելությունը տեսնում են և հնարավորինս իրականացնում հիմնականում գործող իշխանություններին քննադատական լրատվություն հաղորդելով:

Անցնող շաբաթը ամառվա կեսին հատուկ թմբիրի միջից առանձնացրեց լրատվական դաշտին առնչվող մի քանի իրադարձություններ և իրողություններ, որոնք ընթացիկ տարվա միտումների տրամաբանության մեջ են և հետագայում էլ հավանաբար իրենց ազդեցությունը զգացնել կտան:

Կեցցե՛ մեր դատարանը

Երկու օր առաջ Վճռաբեկ դատարանի որոշմամբ  բեկանվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, և ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որով «Հրապարակ» թերթը հաղթել էր «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ դատական «ճակատամարտում»:

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի կտրուկ նվազման հետ, ինչպես անցյալ, այնպես էլ ընթացիկ տարում դատարանների կողմից զգալիորեն իջեցվում են նաև փոխհատուցումների չափերը: Հատկանշական է, որ երբեմն հենց դատական գործընթացի ժամանակ հայցվորը հրաժարվում է դրամական փոխհատուցման պահանջից: Ինչպես եղել է նաև «Հրապարակի» դեմ վերոնշյալ գործի դեպքում:

Այսինքն աստիճանաբար իրականանում են այն միտումները, որոնք արձանագրվեցին Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշումից հետո: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցը քննելիս, ՍԴ-ն կատարեց մի շարք մեկնաբանություններ, մասնավորապես միայն բացառիկ դեպքերում նյութական փոխհատուցում տալու և այն սահմանելու ժամանակ լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելու մասին և այլն:

Անցող շաբաթավերջին Վճռաբեկի որոշումը այս առումով լավատեսության հիմք է տալիս. վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո դատական կարգով ֆինանսական փոխհատուցման անվան տակ լրատվամիջոցներին սնանկացնելու պրակտիկան կարծես թե իսպառ դուրս է հայաստանյան լրատվամիջոցների կյանքից և այլևս մահակ չէ հատկապես ոչ մեծ տպաքանակով տպագիր մամուլի միջոցների համար, ինչպես փորձագետները կանխատեսում էին ապաքրեականացումից անմիջապես հետո:

Այնպես որ լրատվամիջոցին չսիրելը պետք է որ այլևս առիթ չդառնա նրա նկատմամբ հաջող արշավանքի համար. մեր դատարաններն սկսել են գոնե այդ առումով արդարադատություն կիրառել:

Հրապարակավ-ոչ հրապարակավ՝ տարբերություններ և ընդհանրություններ

Արդարադատության նման մի բան թերևս անհրաժեշտ լինի նաև անցնող շաբաթում արձանագրված մեկ այլ իրողության դեպքում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ոստիկանության պաշտոնյայի՝ ֆեյսբուքում արած վիրավորական արտահայտությունը լրագրողների հասցեին նրան նկատողություն արժեցավ: Այդ պատժամիջոցը թերևս նրա համար է եղել, որ եթե ոչ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման վերաբերմունքը, ապա առնվազն դրա հետագա դրսևորումները կանխվեն:

Իսկ անցնող շաբաթում մի «անհայտ» ոստիկան պակաս վիրավորական չի արտահայտվել մեր գործընկերների հասցեին, որոնք հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ լուսաբանելու տեղի ունեցող քաղաքացիական ակցիան:

Ինչքան էլ արտահայտությունը նախատեսված չի եղել հանրության, առավել ևս լրագրողների ականջի համար, այնուամենայիվ այն հրապարակային է դարձել շնորհիվ բարձր միացված ռացիայի:  Եվ այն, ինչ պետք է հնչեր միայն մեկի ականջին, հնչել է մի քանիսի ներկայությամբ: Բարձրաձա՛յն: Ուրեմն պետք է որ տրամաբանական լինի իրավական հետևանքների սպասելը:

Մի քանի շաբաթ առաջ լրագրողը չկարողացավ դատարանում արդարադատության հասնել իրեն վիրավորողի նկատմամբ միայն այն պատճառով, որո վիրավորանքը տեղ էր գտել հեռախոսով՝ այսպես ասած՝ ոչ հրապարակային:

Մինչդեռ անցող շաբաթվա վիրավորանքը կարող է հուշում դառնալ մեր գործընկերների համար. հենց զգում եք, որ ձեր բարձրապաշտոն զրուցակիցը անցնում է հայհոյանքների և վիրավորանքների, միացրեք հեռախոսի բարձրախոսը: Վիրավորանքը ավտոմատ կերպով կդառնա հրապարակային: Հուսանք՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Լուսանկարը՝ http://blognews.am կայքից:

Leave a Reply