ԾԱՆՐԱԿՇԻՌ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ ամսում հայաստանյան մեդիա դաշտում ակտիվացել են հեղինակային իրավունքի, բարեխիղճ լրագրության շուրջ բարձրաձայն մտահոգությունները: Տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարները այս հարցերը բարձրացնում են՝ ելնելով ոչ միայն մասնագիտական պատվախնդրությունից, այլև` ֆինանսական նկատառումներից: Ընդ որում այս ուղղությամբ առաջին քայլերը կոչեր են և հորդորներ՝ ինքնակարգավորման ճանապարհով գնալու: Այսինքն մշակելու աշխատանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ և կամավոր հետևելու դրանց: Երկրորդը՝ օրենսդրական փոփոխություններն են, որոնք լրագրողական համայնքը նույնպես նախաձեռնել է:

Իհարկե, լրագրողների և խմբագիրների համար ցավալի է անընդհատ դեմ առնել մի իրավիճակի, երբ իրենց աշխատանքի արդյունքը մի քանի րոպե անց այլոց կողմից յուրացվում և սեփական արտադրանքի նման ներկայացվում/վաճառվում է հանրությանը:

Եւ իրոք, հենց մի պաշտոնյա կամ օլիգարխ լրագրողի համառության շնորհիվ կամ դրա արդյունքում մի քանի գոհարներ է ներկայացնում, որոնք համացանց դնելիս երբեմն հարկ է լինում հարստացնել «տու-տու»-ներով, այդ օրը գրեթե բոլոր առցանց, իսկ հաջորդ օրը՝ նաև տպագիր լրատվամիջոցները ներկայացնում են այդ նյութը: Համառ լրագրողն իրեն կողոպտված է զգում, մանավանդ եթե արտատպելիս հղում չի կատարվել իր նյութին:

Ծանր է ոչ միայն Հիպոկրատի գլխարկը

Միևնույն ժամանակ վերջին շաբաթներին այդ տեսանկյունից դիտարկելով հայաստանյան լրատվական դաշտը ալեկոծած տեղեկությունների ընտրանին, ակնհայտ է դառնում, որ այն հրապարակումները, որոնք իսկապես լրագրողական լուրջ և հետևողական աշխատանքի արդյունք են և ինչու չէ՝ մասնագիտական հպարտության առարկա,  որպես կանոն, չեն գողացվում:

Օրինակը՝ «Հետք»-ի հրապարակումները օֆշորային անցուդարձի մասին: «Չգիտես ինչու»  լրատվամիջոցները կամ մեկ հոգանոց կայքերը հիմնականում չհամարձակվեցին վերցնել ու առանց հղումի, իրենց անունից հրապարակել, որ Կիպրոսի օֆշորային գոտում ՀՀ վարչապետի անունով ընկերություն կա գրանցված: Պատշաճ արտատպումներ՝ ինչքան ասես: Առավել շատ են այս  պատմության արձագանքներն ու զարգացումները ներկայացնող նյութերը ամենատարբեր լրատվամիջոցներում: Կան  նաև ոչ պատշաճ հղումներ, բայց, օրինակ «օֆշորային եռյակ» բառերով համացանցում որոնում կատարելիս շատ քիչ են հանդիպում հրապարակումներ, որտեղ չկա «Հետք» բառը:

Բարեխիղճ գործընկերները նույնիսկ «օֆշորային» ցանկացած զարգացում լուսաբանելիս հիշատակում են լրագրողական այս հետաքննության հեղինակին՝ «Հետքին»: Պատճառը հավանաբար այն է, որ ինչքան էլ հաճելի լինեն այս դափնիները և մեծ՝ դրանք յուրացնելու գայթակղությունը, նույնչափ ծանր է՝ դրա պատասխանատվության բեռը:

Բացի այդ, կան հոդվածներ, որոնցում հայտնված տեղեկությունները, Հայաստանում նույնիսկ սկսնակ լրագրողները գիտեն, աղբյուրները ոչ մի ուրիշ լրագրողի չեն հայտնի: Այնպես որ, ինչ-որ տեղ նույնիսկ անիմաստ գործ է այսպիսի դեպքերում ուրիշի աշխատանքը յուրացնելը:

Նոր մարտահրավերներ

Այս իմաստով, իսկական, ճշմարիտ լրագրության մարտահրավերները շատացել են. մինչև տեխնոլոգիական այսօրվա հնարավորությունները լրատվություն արտադրողը լրագրողն էր: Հիմա մեր գործընկերներն այլևս չունեն այդ մենաշնորհը, և ամեն մի հեռախոսատեր կարող է «լրագրող» դառնալ:

Լրագրության դասընթացներին տեսալրագրության ապագա մասնագետներին սովորեցնում են հայտնվել այնպիսի վայրերում, ուր չեն կարող հասնել նրանց տեղեկությունների սպառողները, և իրերն ու երևույթները, իրադարձությունները և մարդկանց տեսանկարահանել հենց այդ՝ այլոց համար անհասանելի դիրքերից:

Լուսանկարչի համար ասվածը թերևս արդեն ճիշտ լինի ցանկացա՛ծ լրագրողի համար՝ նկատի ունենալով տեխնոլոգիական ներկա հնարավորությունները,: Լրագրողը պետք է հայտնվի այնպիսի տեղերում, որտեղ ոչ մի ընթերցող չի կարող կամ չի համարձակվի հայտնվել, լրագրողը պետք է օգտվի այնպիսի աղբյուրներից, որոնցից ոչ միայն սովորական մահկանացուները, այլև իրենց մյուս գործընկերները չեն կարող օգտվել: Որպեսզի պատմի ա՛յն իրադարձությունների մասին, որոնք ուրիշ ոչ ոք չէր կարող նկատել: Կամ ամենասովորական իրադարձությունները ցույց տա այնպիսի՛ անհավանական տեղից, ուր իրենից բացի  ոչ ոք չէր համարձակվի «մագլցել»:

Լուսանկարը՝ http://oncampus.macleans.ca կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.