ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Hayk Gevorgyan

Հայկ Գևորգյան

Անցնող ամսում Հայաստանի լրագրողները մի քանի «հրաշալի» առիթ ունեցան համախմբվելու՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից և համակրություններից:

Հունվարի վերջում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքից ազատեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին: Լրագրողները կազմակերպեցին ստորագրահավաք՝ ի պաշտպանություն պետական ծառայողի, որն աշխատանքի ընթացքում, լրագրողների հավաստմամբ, առաջնորդվել է բացառապես մասնագիտական սկզբունքներով և հավասարապես շփվել իրենց հետ՝ անկախ նրանից, թե վերջիններս ինչ լրատվամիջոց են ներկայացնում՝ ընդդիմադիր թե իշխանական: Ստորագրահավաքին միացել է 65 լրագրող, որոնք հանդիպել են  ԱԺ նախագահին և նրան փոխանցել իրենց հայտարարությունը:

Այս նախաձեռնությունը` Գ.Պողոսյանին իր աշխատանքում վերականգնելու պահանջով, իր նպատակին չհասավ: Հնարավոր է և այն պատճառով, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակվեց լրագրող Հրայր Զորյանը: Եվ պայքարը հօգուտ նրա նախորդի՝ գուցե կարող էր ակամայից ընկալվել իբրև նրա՛ դեմ պայքար: Ինչևէ, լրագրողների պայքարն առկախ մնաց: Թեպետ և անարդյունք, սակայն այս պարագայում արժեքավորն այն էր, որ լրագրողները համախմբվեցին՝ զորակցելու մասնագետին, ոչ՝ իրենց ընկերոջը  կամ գաղափարական համակրին:

Այս պատմությունը գուցեև անավարտ մնաց այն պատճառով, որ լրագրողական համայնքին համախմբվելու մեկ այլ առիթ մատուցվեց: Առիթ կամ փորձություն:

Փետրվարի 3-ին վրաերթ կատարելու  և տուժած քաղաքացուն դեպքի վայրում թողնելու մեղադրանքով 10-օրյա հետախուզումից հետո ձերբակալվեր էր «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանը: Չենք շարադրում այս` արդեն հանրահայտ պատմության մանրամասները: Մեզ համար կարևոր է հիշեցնել, որ նույն օրը երեկոյան հրավիրած մամլո ասուլիսում «ՀԺ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը գործընկերներից զորակցության ակնկալիք հայտնեց.«Կարծում եմ, լրագրողները ճանաչում են Հայկ Գևորգյանին, գիտեն` Հայկ Գևորգյանը ինչ բնույթի, ինչ հոգեկերտվածքի, ինչ բարոյականության մարդ է, և առաջին հերթին որպես թերթի գլխավոր խմբագիր, զորակցություն եմ ակնկալում լրատվամիջոցներից» :

Չնայած հաջորդող օրերը հանգստյան էին, այդուհանդերձ, մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան Հայկ Գևորգյանին անհապաղ ազատ աձակելու կոչ-հայտարարություններով: Դրանք, կարծում ենք, կլինեին, նույնիսկ եթե Ն.Փաշինյանը չհայտներ իր այդ ակնկալիքը: Այս հանգամանքն արդեն խոսում է համախմբվածության երկունքի մասին:

Այս ալիքն ավելի ուժգնացավ և, որոշ գնահատականներով, դարձավ լրագրողի խափանման միջոցի շուտափույթ փոփոխության պատճառը:

Ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրը ինքը` Հ. Գևորգյանը, իր հետ տեղի ունեցածը գնահատեց հետևյալ կերպ. «Վախեցնելու կամ զգուշացնելու նպատակ ուներ»: Իսկ ավելի հեռահար պլանում, ըստ նրա, հետևյալն էր. «Եթե ավելի երիտասարդ լրագրողները տեսնեն, որ մի քիչ ավելի փորձառու լրագրողի նկատմամբ սենց բան են անում, բա մեզ ինչ կանեն»:

Ահա այստեղ է, որ կարևորվում է լրագրողական համայնքի ոչ կրավորական, սպասող կամ վախեցած դիրքորոշումը. լրագրողի ձերբակալությունը դատապարտող և ազատ արձակումը պահանջող հայտարարություններն այնպիսի տարափով թափվեցին, որ հնարավոր չէր դրանց հետ հաշվի չնստել: Այնպես որ, գործընկերների օգնությունը ճիշտ ժամանակին էր, սակայն ոչ միայն հատկապես տվյալ դեպքի  համար: Առավել կարևոր է, թե իրենց համախմբվածության այս դրսևորումից ինչ եզրահանգումներ կանեն իրենք` լրագրողները, և ինչքան հետևողական կլինեն հետագայում նման պարագաներում:

«Հիմա իմ ամբողջ նպատակն է` երիտասարդ լրագրողները իմանան, որ լրագրողական համայնքը կարող է շուտ ոտքի կանգնել ու փոշիացնել մոլագարների գլխում ծնված մտքերը»,- իր ասուլիսում հայտարարեց Հայկ Գևորգյանը:

Եթե իսկապես այս համոզվածությունը արմատավորվի մեր համայնքում, ուրեմն ՀՀ ոստիկանությունը մեծ առաջընթաց է «ապահովել» մեր համայնքի համար:

Համենայն դեպս իրեն սատարելու` լրագրողական համայնքի համախմբվածությունը Հ. Գևորգյանը համարում է վերոնշյալի «շատ լավ օրինակ»:

Սակայն… Այս համախմբվածությունը, իհարկե, չէր կայանա, եթե չլիներ այն, ինչը, իր իսկ հավաստմամբ, ամենակարևորն էր մեր գործընկերոջ համար. որ լրագրողները չէին հավատացել, թե նա կարող էր մարդուն վրաերթի ենթարկել և անօգնական վիճակում թողնել նրան:

Փաստորեն եթե գիտենք՝ ինչի շուրջ ու հանուն ինչի, համախմբվելն էլ դժվար չէ:

2 մեկնաբանություն 'ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ'

  1. Naira says:

    Shat havasarakshrvac u objektiv meknabanutyun e. Yndhanrapes goveli e lragroxneri hamaxmbvely cankacac anardarutyan dem, ankax nranic, te um hamar e da arvum, irenc gorcynkeroj, qaxaqakan, hasarakakan gorcichi te hasarak qaxaqacu. Lragroxi partakanutyunn e payqarel cankacac anardarytyan dem, sakayn ayd payqary cankali e misht lini qaxaqakirt, havasarakshrvac, lragroxakan skzbunqnerin havatarim.

  2. Մարիամ says:

    Իսկ ընդամենը մի քանի օր առաջ խափանման միջոց կալանքը քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ փոխելու արդյունում ազատ արձակվեց Տիգրան Հակոբյանը: Այստեղ էլ, եթե չեմ սխալվում, 25 խմբագիրների գրած նամակը մի քիչ դեր խաղաց: Հետաքրքիր ա, չէ, ստորագրահավաքի միջոցով խափանման միջոց փոխել ստացվում ա, աշխատանքից ազատվածին վերականգնել` ոչ: Տեսնես` ինչու:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*