ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Աշխարհում տեղի են ունենում բուռն իրադարձություններ, վթարեր, աղետներ, սպանություններ, իսկ հայկական լեռնային գյուղում անդորր է, հնչող ամենաբարձր ձայնը մեղուների խաղաղ բզզոցն է: Սա մոտավոր սկիզբն է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի, որտեղ աշխարհի քրեական ֆոնին մեր երկրում կատարված ամենամեծ հանցագործությունը համագյուղացու ոչխարները մորթել-ուտելն է:

Սա շատ վաղուց էր: Հիմա հայաստանյան քրեական քրոնիկոնը ոչնչով չի զիջում, իսկ երբեմն էլ գերազանցում է միջազգայինին:

Այդ քրոնիկոնը, փաստորեն, միջազգայինից չի տարբերվում նաև տարածման ու ներկայացման հնարավորություններով:
Մինչ անցյալ շաբաթ հայաստանյան լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը քննարկում էին, թե ինչքանով էր համապատասխանում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարվածի լուսաբանումը լրագրողական անաչառության, բազմակողմանիության սկզբունքներին, նախաքննության և հասարակության շահերին, իշխանություններին ամենաընդդիմադիրի համարում ունեցող լրատվամիջոցը հունիսի 6-ին տարածեց այդ տան շրջակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը:

Այդ հրապարակումը առաջացրեց հարցեր, որոնցից ամենագլխավորների պատասխանները լրատվամիջոցն ինքն էլ չուներ. արդյո՞ք այդ տեսանյութը ամբողջական է,թե՞ փոփոխությունների է ենթարկված, ինչո՞ւ հանկարծ առգրավված տեսանյութը հասարակության սեփականությունը դարձավ նույն օրը, երբ զինդատախազը հայտարարեց, որ այդ տեսախցիկների տեսանյութը մինչև առգրավվելը հնարավոր էր ոչ միայն դիտել ու սղագրել, այլև պատճենահանել: Հայտարարույթունն, ի դեպ, առնվազն կանաչ լույս էր տեսագրությունը հրապարակելու հնարավորությունը և գայթակղությունն ունեցող ցանկացած սուբյեկտի համար:

Հատկանշական է, որ այդ սուբյեկտը դարձավ ոչ թե Սյունիքի մարզպետարանը, որը մինչ այդ տարածել էր սղագրությունը, ոչ էլ անգամ՝ սոցիալական ցանցերը, որտեղ հայտնվող տեղեկությունների հավաստիության ստուգման նպատակահարմարության մասին անընդհատ խոսվում է:

Իսկապես, այս տեսագրությունը կարող էր լայն զանգվածների համար հետարքրություն ունենալ, մանավանդ որ վերջերս ամբողջ մի հասարակություն կամա թե ակամա քրեագետ է դարձել:

Լրատվամիջոցի համար դժվար է դիմանալ այդպիսի տեսագրութունն անմիջապես հրապարակայնացնելու գայթակղությանը՝ առանց ստուգելու, հավաստիանալու դրա ամբողջական լինելու մեջ: Բացի այն, որ տեսագրությունը փորձաքննության փուլում է, լրատվամիջոցի համար նման պարագաներում վտանգավոր է լինում ձգձգել տեղեկության հրապարակումը, քանի որ շատ արագ շահագրգիռ կողմերից մեկն իմանում է, որ լրատվամիջոցը տիրապետում է նման տեղեկության, և եթե նրա համար դրա հրապարակումը ձեռնտու չէ, սկսվում են ճնշումները լրատվամիջոցի նկատմամբ՝ չհրապարակելու պահանջ-խնդրանքով, որը սովորաբար ուղեկցվում է սպառնալիքներով կամ խոստումներով:

Դժվար է այս դեպքի համար պնդել վերոնշյալը կամ դրա հակառակը, սակայն տեսագրության վրա լրատվամիջոցի լոգոն և «էքսկլյուզիվ» արտահայտությունը հաստատ դրա ծագմանը չեն վերաբերում, դա ակնհայտորեն տան շրջակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն է: Գուցե լրատվամիջոցը այն ձեռք է բերել՝ դրա հետ միասին՝ նաև հեղինակային իրավո՞ւնքը (՞): Չէ՞ որ ոչ մի հղում չկա, որից տեղեկության սպառողը հասկանա, թե ինչքանով է ինքը վստահում այդ աղբյուրին: Այս դեպքում լրատվամիջոցն իսկապես միջո՛ց է, իսկ նման մեղմ ասած, վիճահարույց դեպքերում, լրատվամիջոցը, պատշաճ հղում չկատարելով, ինքն է հայտնվում ռիսկի առաջ՝ արժանահավատության իր ողջ պաշարով:

Այս տեսագրության հրապարակման հետ բազմաթիվ վիճելի հարցերի շրջանակից առաձնացնել կարելի է ևս մեկը: Երկու շաբաթ առաջ գերմական մի պարբերականի իր ապրումներն էր պատմել իսլամիստների կողմից Լոնդոնում սպանված զինվորականի կինը: Նա հեռուստացույցը միացրել էր և տեսել, թե ինչպես են երկու հոգի փողոցում գազանաբար ինչ-որ մեկին սպանում: Հետո իմացել էր, որ ինքը դիտել է իր ամուսնու սպանությունը:

Ամեն անգամ վթարներից, պատահարներից, իսկ հիմա նաև վենդետաներից տեսագրություններ հրապարակելով՝ լրագրողներս մտածո՞ւմ ենք, որ դա նայում են նաև կադրում գնդակահարվող, զոհվող, խեղանդամ դարձող մարդկանց կանայք, երեխաները, հայրերն ու մայրերը:

Նրանց զգացմունքները նույնչափ կարևոր են, որքան՝ մնացած ամբողջ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը: Իսկ գուցե՝ ավելի՞ կարևոր:

Նկարը՝ http://mediacriminaljustice.blogspot.com կայքի:

Leave a Reply