ՕՐԵՆՔՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Վաղը լռության օր էՊայմանական՝ ահա թե ինչ բառ է անհրաժեշտ լինում կիրառել, երբ օրենքը լռում է:

Անցնող շաբաթում ներկայացվեց Երևանի մամուլի ակումբի՝ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը: Զեկույցում հենց պայմանական բառով են բնորոշվում բոլոր այն դրվագները, որոնք խախտում կոչել հնարավոր չէ միայն այն պատճառով, որ դրանք ձևականորեն՝ օրենսդրորեն կարգավորված չեն: Զեկույցում մասնավորապես արձանագրվում է, որ ընտրական օրենսդրության մեջ բացակայում է հստակ սահմանումը, թե ինչ է քարոզչությունը: Գուցե այն ժամանակահատվածում, երբ քարոզչությունն արգելված չէ, առանձնապես էական էլ չէ ամենայն մանրամասնությամբ սահմանել այն, ինչն արգելված չէ: Իսկ ինչպե՞ս քարոզչության առկայությունը որոշել այն ժամանակ, երբ դա արգելված է իրականացնել: Մնում է մոտավորության «մեթոդը» և պայմանականության «տեսությունը»: Ինչը և կիրառվել  է վերոնշյալ դեպքում:


Նույնիսկ հակաքարոզչություն

Մշտադիտարկումը մասնավորապես հետաքրքիր «կասկածելի դրվագներ» է հայտնաբերել Ավագանու ընտրություններին նախորդած լռության օրը հետազոտվող բոլոր հեռարձակվող լրատվամիջոցներով: Հատկանշական է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին նման կասկածելի դրվագներ առանձնապես չեն դիտարկվել, իսկ 2013 թվականի երկու՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրություններին հեռարձակվող լրատվամիջոցների և թեկնածուներ-կուսակցությունների «ինքնավերահսկումը շատ ավելի ցածր մակարդակի վրա է եղել»:

Այսինքն, հնչել են նախընտրական խոստումներ, կոնկրետ քաղաքական ուժի հաջողության վերաբերյալ կանխատեսումներ, ինքնագովազդ, հնչեցվել են նախընտրական կարգախոսներ, բարձրաձայնվել են այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու մտադրություններ, այս կամ այն քաղաքական ուժն ընտրելու կոչեր և նույնիսկ հակաքարոզչություն՝ 2 դեպք:

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկումն այս ընտրողներին ուղղորդող դրվագները բնորոշում է իբրև «պայմանական քարոզչություն»:

Այս կապակցությամբ ԵՄԱ եզրահանգումն այն է, որ «լռության օրերի» նորմերի պահպանմանն առնչվող խնդիրնեըը չեն կարող վերացվել առանց օրենսդրությունում «քարոզչություն» հասկացության կոնկրետացման։

Ի դեպ…

Այս խնդիրների քննարկումները երբեմն հանգեցնում են նույնիսկ «լռության օրվա» գոյության նպատակահարմարությանն ընդհանրապես: Որոշ փորձագետներ կարծում են, որ ներկայիս տեղեկատվական հոսքերի ու հնարավորությունների պայմաններում լռության օրն ընդհանրապես իմաստազրկվել է, քանի որ եթե ավանդական լրատվամիջոցները նույնիսկ կարողանան լռել, սոցիալական ցանցերն ու բլոգները միևնույն է, լիքն են լինում հակա և քարոզչությամբ:

Կոնկրետացման ուղղությամբ

Հայաստանյան մեդիա հանրությունը շարունակում է քննարկել և փնտրել արդյունավետ ուղիներ՝ կարգավորելու տպագիր մամուլի հեղինակային իրավունքի հարցերը և վերջ դնելու լրատվական գրագողությանը համացանցում: Ուրախալին այն է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հնչած հայտարարությանը արձագանքներ եղան արդեն անցնող շաբաթում: Նույնիսկ հայտարարությունը ստորագրած խմբագիրները վկայեցին, որ «հայտարարությունը դրական արդյունքներ է տվել, և կայքերն արդեն հղումներ են կատարում թերթերից նյութեր վերցնելիս»:

Ինչ խոսք, այս խնդրի լավագույն լուծումը կլինի առավելապես ինքնահարգանքի, հետևաբար և՝ ինքնակարգավորման ճանապարհով, սակայն օրենսդրական կարգավորումն էլ պետք է չուշանա: Քանի որ, ինչպես վերևի օրինակում է երևում, օրենքի լռությունն առնվազն չի՛ նպաստելու խնդրի կարգավորմանը:

«Օրենքով» խուլիգանություն

Անցնող շաբաթում անգամ օրենքների գոյությունը «չփրկեց» մեր գործընկեր հեռուստատեսային օպերատորներին, որոնցից մեկին անհարգալից դիմել էր իր մշտական՝ գրեթե խուլիգանական արտահայտություններով հայտնի ԱԺ պատգամավորը:

Ի դեպ այս պատմությունը տպագիր լրատվամիջոցից արտատպվել էր մասամբ՝ հիշեցումով, որ մանրամասները կարելի է կարդալ թերթի նույն օրվա համարում:

Լուսանկարը՝ http://www.panorama.am կայքի:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*