ԲՈՂՈՔ՝ ԽՈՍՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ

Մոտավորապես 15 տարի առաջ հայաստանյան լրագրողներից մեկն ասաց, որ մի օր ինքը գնալու է լուսաբանելու ՀՀ կառավարության նիստը կամ դրան հաջորդող ճեպազրույցը, իսկ վերադարձին գրելու է այն մասին, թե ինչ հոյակապ շենքում է աշխատում ՀՀ կառավարությունը և շարադրելու է շենքի և դրա ճարտարապետական հորինվածքի պատմությունը, ճարտարապետների կենսագրությունները: Սա՝ իբրև ակցիա, բողոքի ձև՝ կառավարության աշխատաոճի, պետական պաշտոնյաների հակաօրինական գործողությունների և նրանց կայացրած որոշումների՝ «կյանքից ու աշխարհից կտրվածության» դեմ:

Համաձայնեք՝ բողոքի մի տեսակ ինտելիգենտ և «միայնակ» ձև էր մտածված: Դրա արդյունավետությունը թերևս կլիներ գրեթե զրոյական կամ այսօրվա լեզվամտածողությամբ՝ որ ի՞նչ:

Լռենք միասնաբար

Նմանատիպ ակցիայի հնարավոր անարդյունավետության մասին դիտողություններին ի պատասխան այդ լրագրողն ասաց, որ այդ դեպքում պետք է մեկ անգամ՝ ՀՀ կառավարության նիստից վերադառնալուց հետո ոչ մի ռեպորտաժ, ոչ մի տող ինֆորմացիա չտալ՝ խմբովի, բոլոր լրագրողներով, բոլոր լրատվամիջոցներով: Մանավանդ, երբ կառավարության՝ լրագրողների բնորոշմամբ «կյանքին ոչ ադեկվատ» գործունեությունն ուղեկցվում էր լրագրողների աշխատանքի նկատմամբ բացահայտ քամահրանքով: (Հիշեցնենք, որ այդ ժամանակ լրատվական կայքեր գոյություն չունեին, և անգամ հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցներն իրենք էլ կայքեր չունեին):

Հայ լրագրության պատմությունն ուսումնասիրելու կարիք չկա՝ իմանալու համար, որ նման ակցիա այդպես էլ տեղի չի ունեցել: Թերևս բարդ չէ հասկանալ պատճառները: Համենայն դեպս, երբ մի քանի անգամ ոչ պատշաճ վերաբերմունքի արժանանալուց հետո լրագրողներս բորբոքված որոշում էինք բոյկոտել և ոչ մի լուսաբանում չտալ, ասենք, կառավարության նիստի մասին, պետական (այն ժամանակ դեռ ոչ հանրային) հեռուստատեսության և լրատվական ծառայության թղթակիցներն ասում էին, որ եթե անգամ անձամբ իրենք այդ տեղեկությունը չհաղորդեն, միևնույն է, վերևից զանգով այդ տեղեկությունը հայտնվելու է իրենց լրահոսում: Իսկ եթե մի որևէ տեղում հայտնվում է տեղեկությունը, մյուս, թեկուզև մասնավոր, լրատվամիջոցների ղեկավարները չեն ների իրենց թղթակիցներին:

Միով բանիվ՝ միաբանություն՝ որևէ բանի լուսաբանումը բոյկոտելու հարցում այդպես էլ չստացվեց:

Լռեցին միասնաբար

Այս երկար պատմությունը հուշերից դուրս լողաց երկու օր առաջ, երբ մեր ուկրաինական գործընկերները իրենց կառավարությանը մեջքով շրջվեցին՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով:

Այս լուռ բողոքի պատճառն այն էր, որ օրեր առաջ զանգվածային ցույցերի ժամանակ ծեծի էին ենթարկվել իրենց երկու գործընկերները, իսկ ոստիկանությունը, լրագրողների կարծիքով, անգործության էր մատնված: Եվ ահա, նրանք էլ որոշել են, որ պիտի բողոքեն և որ ամենակարևորն է՝ միասնաբար: Հնարավոր է, որ հենց այս միասնականության շնորհիվ էր, որ Ուկրաինայի վարչապետը հաջորդ օրը փոշմանեց և չիրագործեց ակցիայի պահին լրագրողներին կառավարության դահլիճից դուրս հրավիրելու պահանջին զուգահեռ տված կարգադրությունը՝ զրկել նրանց հավատարմագրից: Ավելին, Ազարովը անձամբ հանդիպեց  այդ լրագրողներին և խնդրեց այլևս չկրկնել նման ակցիաները:

Իհարկե, այստեղ դեր է խաղացել նաև այն, որ չէին կարող «վերցնել» և այդ լրագրողներին հենց այնպես, առանց համապատասխան կարգի ու օրենքի զրկել հավատարմագրից, դրա համար անհրաժեշտ էր կատարել նախնական աշխատանքներ և համապատասխան դրույթներ մտցնել հավատարմագրման կարգում:

Բողոք՝ խոսքով

Ինչ խոսք, մեզ մոտ ևս ընդունված է բողոքել գործընկերների նկատմամբ բռության դրսևորումների դեմ: Սակայն՝ հիմնականում մի փոքր այլ ձևաչափով: Եվ ցավոք՝ ոչ այդպես միասնաբար:

Հիմնականում լրագրողական կազմակերպություններն են բողոքում, դատապարտում երևույթը, հանդես գալիս հայտարարություններով, կոչերով: Ինչպես՝ անցնող շաբաթում եղավ՝մայիսի 18-ին Սևան-Երևանի ճանապարհին իրավապահների կողմից լրագրողների հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ:

Իսկ իրենք՝ աշխատող լրագրողները՝ լավագույն դեպքում հաղորդում են տալիս հանցագործության մասին:

Գուցե լրագրողների նկատմամբ բռնության դեմ այսպես դիպվածաբար պայքարելով՝ փոշիանո՞ւմ են ջանքերը, և հետևաբար արդյունքն էլ այնպես տեսանելի և ազդեցիկ չի լինում, ինչպես գոնե անցնող շաբաթում եղավ Ուկրաինայում:

Բողոք՝ գործով

Թեև ոչ զանգվածային ընդվզումների պարագայում անցնող շաբաթը նշանավորվեց նաև հայաստանյան մեդիայի համար:

Տպագիր լրատվամիջոցների վճռական միասնակությունը՝ կարգավորելու իրենց հեղինակային իրավունքի հարցերը և վերջ դնելու լրատվական գրագողությանը համացանցում, միայն ողջունելի է: Եվ դատելով այն ֆինանսական և բարոյական վնասներից, որ նրանք կրում են այդ գրագողության պատճառով, նրանք պետք է որ հասնեն շոշափելի արդյունքների:

Բողոք՝ գործով – 2

Ֆինանսապես չտուժելու հետաքրքիր ռազմավարություն բացահայտվեց անցնող շաբաթում: ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն  այն մասին, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարարը խնայողության ռեժիմի կարևորագույն միջոցառում է իրականացրել՝ գերատեսչություններին հրահանգելով կրճատել մամուլի բաժանորդագրությունները՝ հատկապես անկախ և ընդդիմադիր:

Առաջիկա շաբաթներում չի բացառվում, որ պետք է սպասել հերթական հրահանգներին՝ նորություններին տեղեկանալ բացառապես նոր ստեղծվելիք տոպկա.ամ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*