ՇԱԲԱԹՎԱ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մամլո չտեսությո՞ւն

ԵՄԱ Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից»:

Ամփոփագիրը դրանից եզրակացրել էր, որ հասարակությունը լրագրողներից միայն տեղեկություններ չի ակնկալում: Նկատի ունենալով, որ ընտրությունների լուսաբանման հնարավորություն ունեցող այս մասնագիտության ներկայացուցիչները իրենց անմիջական գործն անելիս կամ պարզապես միայն ներկայությամբ, ակամայից զգաստության, սթափության և զգոնության կխթանեին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին:

Երևանի ավագանու ընտրություններին պարզ դարձավ, որ վերը նշված հայտարարությամբ կոնկրետ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչը մեր մասնագիտության նկատմամբ ակնածանքի հավաստիացումներ չէր անում:  Նա ընդամենը հող էր նախապատրաստում քվեարկության օրը, իրենց կուսակցության հետ կապվող լրատվամիջոցի ներկայացուցիչների անվան տակ, ցուցակներ ստուգող ու նկարահանող անձանց ընտրատեղամասեր լցնելու համար:

Այս երևույթը նոր չէ, նախկինում էլ կիրառվել էր հատկապես այդ կուսակցության կողմից, սակայն մասշտաբներով այս անգամ «հնարքը» զգալիորեն գերազանցում էր նախորդներին:

Լրագրողական կազմակերպությունների ղեկավարները դատապարտեցին այդ փորձերը  և դրանք որակեցին որպես քաղաքական պատվեր:

Երևույթը վերլուծվեց նաև լրագրողների՝ միմյանց միջև եղած հակասությունների և դիմակազերծման տեսանկյունից:

Սակայն այս պատմությունը գուցե պետք է կարևորվի նաև այն տեսանկյունից, որ ինչպես ցանկացած այլ մասնագիտության հարցում, լրագրողի աշխատանքի, վարկի նկատմամբ ևս հարգանքն ու վստահությունը ձևավորվում են տարիներով, տասնամյակներով, լրագրողական համայնքի հնարավորինս բարեխիղճ աշխատանքի հետևանքով: Նաև այդ պատճառով է, որ լրագրողները հնարավորինս նախանձախնդիր են իրենց կատարած աշխատանքի և հասարակության կողմից դրա համարժեք ընկալման հարցում: Նաև այդ պատճառով է, որ լրագրողները հնարավորինս խստապահանջ պետք է լինեն իրենց անբարեխիղճ գործընկերների նկատմամբ և մասնագիտական ու մարդակային բարձր նշաձող սահմանեն և՛ անձամբ իրենց, և՛ իրենց գործընկերների համար: Այնինչ, պարզվում է, որ նշաձողեր սահմանել պետք է նաև … անորոշ մասնագիոտությունների տեր այլոց նկատմամբ: Թե չէ այդ ուրիշները կներխուժեն «մեր» դաշտ ու կսկսեն …սուրճ մատուցել ընտրական հանձնաժողովի անդամներին:

Սուրճ և տեսարաններ

Հետաքրքրական է, որ տեսանկարահանող սարքերի և անձանց առատությունը ընտրական տեղամասերում շփոթեցրել է անգամ Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք գտնում են, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասում տեսախցիկի առկայությունը» «մի կողմից նպաստում է քվեարկության գործընթացի թափանցիկությանը», մյուս կողմից այդ հանգամանքը ընտրողների մոտ կարող էր ծագել այն կասկածը, թե քվեարկության գործընթացն ամբողջությամբ վերահսկվում է: Նույնիսկ եվրոպական դիտորդներն էին ստացել այն տպավորությունը, որ ՀԿ-ների և ԶԼՄ-ների մեծաթիվ ներկայացուցիչներն իրականում գործում էին քաղաքական կուսակցությունների անունից:

Մասնագիտության առավել արդյունավետ վարկաբեկում դժվար է պատկերացնել, հատկապես երբ կիրառվում է դրսից և առանձնապես կարգավորման էլ ենթակա չէ:

Դատախազի մո՞տ, թե՞ զագս….

Փոխարենը կարգավորման հնարավորություններ կան անցնող շաբաթ տեղի ունեցած սպառնալիքները՝ լրագրողի նկատմամբ, որոնք հավանաբար շարունակություն կունենան առաջիկայում: Մի քանի շաբաթ առաջ «Հետքի» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը, թվում էր, ավարտվեց դրանում ակտիվ ներգրավված ոստիկանին աշխատանքից ազատելով, սակայն այդ միջադեպը շարունակվեց և փողոցից  տեղափոխվեց էլեկտրոնային հարթակներ: Ինչքա՞ն կտևի էլէկտրոնայինից իրավական հարթություն՝ այս միջադեպի տեղափոխությունը, և կլինի՞ արդյոք այդպիսի տեղափոխություն ընդհանրապես, առաջիկա շաբաթներում կերևա:

Ուրախ հնարամտություն

Եթե լավատես լինենք, պետք է նշենք նաև, որ առաջիկա շաբաթներո՛ւմ միայն կերևան նաև անցնող շաբաթվա մեդիա ոլորտի մեգա-նշանակման արդյունքները. ՀՀ նախագահի հրամանագրով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր անդամ է նշանակվել և անմիջապես էլ ընտրվել հանձնաժողովի նախագահ նախկին «ուրախ և հնարամիտ» ևս մեկ հեռուստատեսային գործիչ: Սակայն հեռարձակման ոլորտի ներկա վիճակը լավատեսության տեղ չի թողնում և դրա հետագա վատթարացումը կանխատեսելու համար պետք չէ շատ հեռուները նայել, ամեն ինչ այսօր էլ ակնառու կերպով անմխիթար է:

Իսկ այն, որ Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրենը նպատակասլաց առաջ է ընթանում դեպի ՀՌԱՀ-ի նախագահի պաշտոն, վաղուց կանխատեսում էին մեդիա փորձագետները: Միայն հայտնի չէր՝ այդ պաշտոնի համար վերջինիս հատկապես ո՞ր հատկությունն է վճռորոշ եղել՝ ուրա՞խ, թե՞ հնարամիտ լինելը: Քանի որ այլ վաստակներ հեռուստատեսության ոլորտում նրա կողմից կարծես թե չեն նշմարվում:

Նկարը՝  http://www.irates.am-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.