ԱՆՀՆԱՐԻՆԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐԻ ՄԻՋԵՎ

Քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ է, թե ով է բռնության ենթարկել մեր լրագրողին (Տեսանյութ)Բռնություններից ընդհանրապես դժվար է, գուցեև անբնական՝ դրական եզրակացություններ անել: Սակայն անցնող շաբաթվա բռնությունները լրագրողների նկատմամբ, որքան էլ տարօրինակ է, մի տեսակ հուսադրող նրբերանգ ունեն: Փորձենք պարզել՝ ինչու:

Մի փոքր հետ գնանք և հիշենք այս տարվա ապրիլի 9-ը: Մի լրագրող այդ օրը երեկոյան պատմում էր, թե ինչպես է ողջ օրը աշխատել «Նոր Հայաստանի երդմնակալության» արարողությանը, հետո էլ Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում ՝ ոչ սովորական և ամենևին ոչ հանգիստ պայմաններում: Բայց անընդհատ ընդգծում էր, որ ամենածանրն իր համար ոչ այնքան այդ օրվա աշխատանքային ծայրահեղ պայմանները և մարդկային ապրումներն ու վախերն էին, որքան այն, որ այդ օրվա արդյունքում իր թողարկած լրատվության որակը իրեն չէր բավարարում: Պատճառներից մեկն էլ իր հետ աշխատող գործընկերոջ հոգեվիճակն է եղել, երբ վերջինս կորցրել է իր աշխատանքային գործիքներից մեկը: Դա բավական է եղել, որ նա այնպիսի խուճապի մատնվի, որ մոռանա շուրջը կատարվողն էլ, այդտեղ իր գտնվելու նպատակն ու առաքելությունը և իր մասնագիտությունն՝ ընդհանրապես:

Խռնված ամբոխի ու ոստիկանների շղթայի մեջ տեղեկություններ և տեսակադրեր հայթայթող գործընկերների մասին, իհարկե, շատ ավելի հեշտ է դատել համակարգչի առջև նստած ստեղներին տկտկացնելիս, երբ ձեռքիցդ քաշող, ոտքերդ տրորող չկա, գլխիդ անձրև ու խառնաշփոթ չի թափվում:

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ անցնող շաբաթում ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ, առիթ դարձավ մտորելու այն մասին, որ մենք առաջին հերթին լրագրող ենք, հետո՝ … մարդ: Մարդ՝ այս դեպքում սեփական մաշկի մասին ու գլխից մազ չընկնելու մտավախություններով:

Աշխատել, աշխատել՝ մինչև վերջ

Երբ մեզ ծեծում են, ամենահեշտ բանը գլուխն առնելն ու փախչելն է: Լավ, առնվազն ՝ լաց լինել ու բողոքել: Բայց եթե լրագրող ես, պետք է պարզապես շարունակես… աշխատել՝ հավաքել տեղեկություններ բոլոր հնարավոր միջոցներով: Ճիշտ այն կերպ, ինչպես լրագրող Հակոբ Կարապետյանը: Լրագրողը, իր տեսանկարող սարքը՝ ջնջված ֆայլերով հետ ստանալուց հետո անգամ չէր գնացել խմբագրություն՝ հերոսաբար շարադրելու իր հետ կատարվածը, այլ մնացել էր հնարավորինս երկար աշխատելու՝ նույնիսկ անհավանական ռակուրսներով մեկ առ մեկ ֆիքսելով միջադեպի առանցքային հնարավորինս բոլոր դեմքերին: Այդպիսով նա իր լսարանին տվել էր առավելագույն չափով տեղեկություններ տեղի ունեցածի մասին, անգամ այն բանից հետո, երբ այդ տեղի ունեցածի տեսագրությունը ջնջվել էր առհավետ: Միջադեպից հետո արված տեսագրությունն այս դեպքում ոչ պակաս արժեքավոր է, քան՝ մինչև այդ նկարվածը: Դրանում հավերժացած դեմքերի մասին հետագայում հնարավոր է եղել պարզել անգամ զավեշտալի մանրամասներ՝ հնարավորինս լրացնելով լրագրողին բռության ենթարկած անձանց դիմանկարը:

Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներում նմանատիպ լրագրողական բացահայտումները կշարունակվեն միջադեպի նաև մյուս գործող անձանց դեպքում:

Խփում են, ուրեմն … վախենում են

Իհարկե այս միտքը միշտ էլ ծագում է, երբ բռնություն է կատարվում լրագրողի նկատմամբ և ոչ միայն Հայաստանում. երբ սպառվում են, կամ լրագրողի դեմ պայքարողը կարծում է, որ սպառվել են «վտանգավոր» լրագրողին լռեցնելու մյուս բոլոր միջոցները, գործի են դրվում բռունցքները/աքացիները/մահակները/զենքեր:

Արդյունքները միշտ տարբեր են լինում՝ ա) լրագրողին լռեցնում են փոխաբերական կամ ուղիղ իմաստով, բ) լրագրողը շարունակում, նույնիսկ ավելի է խորացնում այդ ուղղությամբ իր մասնագիտական հետաքրքրությունը: Այս՝ կոնկրետ արդյունքների միջև կան իհարկե նրբերանգներ, սակայն այս դեպքում մեզ առավել հետաքրքրում են դրդապատճառները:

Այլևս ուղիղ տեքստով

Իսկ դրդապատճառների մասին անցնող շաբաթում բաց տեքստով հայտարարեց հայաստանյան քաղաքական գործիչներից մեկը. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից»: Թեկուզ և անուղղակի, բայց քաղաքական գործիչը խոստովանել է, որ  լրագրողներից միայն տեղեկություններ չէ, որ հասարակությունը ակնկալում է:

Լուսանկարը՝ http://www.ilur.am/news/view/12698.html կայքի:

Trackbacks/Pingbacks
  1. […] Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե […]

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.