ԽՃԱՆԿԱՐԻ ՄՌԱՅԼ ԳՈՒՅՆԵՐ

Անցնող շաբաթվա մեդիա-ռումբը կարող էր լինել տեղեկությունն այն մասին, թե ինչպես էր Մարզահամերգային համալիրի մոտ ավտոբուսին հարվածող ոստիկանը խոչընդոտում այդ տեսարանը նկարահանող լրագրողի աշխատանքներին: Բայց դա օրվա առաջին կեսին էր: Ապրիլի 9-ի: Օրվա երկրորդ կեսը, ցավոք, մթագնեց այդ ոստիկանի դափնիները:

Մեր գործընկերներն ավելի լարված աշխատեցին հենց օրվա երկրորդ կեսին՝ վտանգելով ոչ միայն ձեռքների տեխնիկան: Այլընտրանքային երդմնակալությանը հետևած հանրահավաքի գրեթե բոլոր մանրամասներին հնարավոր էր տեղեկանալ առանցքային բոլոր տեղերում հայտնված մեր գործընկերների, ինչպես նաև՝ հեռախոսներով ու տեսանկարահանող այլ սարքերով զինված սովորական քաղաքացիների շնորհիվ:  Նրանց հրապարակած տեսանյութերը գրեթե ամբողջական պատկերացում տվեցին այդ օրը կատարվածի մասին: Ընդ որում նույն տեսարանի մի քանի նկարահանումները ՝ տարբեր, երբեմն իրարից սանտիմետրերի տարբերությամբ ռակուրսներից, գեղարվեստական ֆիլմերի էֆեկտ առաջացրին: Թեև այդպիսով դրանց արժեքը առավելագույնս մոտեցավ նաև քրեագիտականին:

Մռայլ մտքեր՝ ոստիկանապետի ծիծաղի ֆոնին

Հարց է, թե հետագայում դրանք ինչպես և ում դեմ կօգտագործվեն, ավելի մեծ հարց է հատկապես, թե ո՛ր րոպեից սկած՝ կօգտագործվեն, քանի որ տեսագրությունում տեսածդ հարվածը կարող է նույն հաջողությամբ լինել և առաջինը, և երկրորդը, և հերթական կամ ի պատասխան տրված՝ տասներորդը՝ նայած որ պահից է տեղի ունեցածը տեսագրվում կամ տեսագրվածը` ցուցադրվում:

Այլ հարց է նաև, թե ինչ լրջությամբ դրանց կվերաբերվեն: Հուսանք՝ ոստիկանների և ցուցարարների ընդհարումների տեսագրություններին շատ ավելի լուրջ կվերաբերվեն, ի վերջո դրանք հավերժ պահպանվում են, քան այդ ընդհարումների ժամանակ առաջացած վնասվածքներին. դրանք կապաքինվեն-կանցնեն մի քանի օրից:

Օրինակ, «Առավոտ» թերթի լրագրողի արյունոտված ձեռքերը բավարար չափով լուրջ չէին, համենայն դեպս ՀՀ ոստիկանապետի միայն ծիծաղն էին հարուցել:

Ոչ էքստրեմալ լրագրություն

Այս լրահոսում անշուշտ չպետք է կորչի վանաձորցի լրագրողի նկատմամբ պետական պաշտոնյայի պահվածքի մասին տեղեկությունը: Ինչքան էլ լրագրողներս սովոր լինենք բռի վերաբերմունքի, ինչքան էլ դա լինի հերթական՝ շարքայինը, դա կարող ենք փաստել լավագույն դեպքում լրագրողներով «իրար մեջ» խոսելիս, բայց՝ ոչ հրապարակավ: Իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողի նկատմամբ վերաբերմունքն այդպիսին չպիտի լինի, ինչքան էլ լրագրողը ինչ-ինչ կարգեր խախտած լինի՝ տեղեկություններ հայթայթելիս: Նախ ապացուցել է պետք՝ նա կարգ խախտել է, թե ոչ: Հետո էլ՝ դատի տալ, եթե խախտել է:

Չշփոթել էթիկայի հետ

Որևէ կարևոր թեմայի շուրջ տեղեկություններ հայթայթելիս զրուցակցի ուսի վրայից նրա ձեռքի փաստաթղթին աչք գցելը շատ վատ բան է, հարգելի՛ լրագրողներ: Ոչի՛նչ, թո՛ղ պաշտոնյաները իրենց «օրվա հացը հայթայթելիս» մեր գրպանին աչք գցեն, իսկ դուք՝ փաստաթղթերին՝ ոչ, չհամարձակվեք: Ընտրեք տեղեկությունների հայթայթման «սահմանադրական» ճանապարհը՝ գնացեք դատարան, թող վերջինը վճռի, որ այդ փաստաթուղթը ոչ թե պետական գաղտնիք է պարունակում,  այլ հանրային հետաքրքրության տեղեկություններ, պարտավորեցնի այդ պաշտոնյային ձեզ տրամադրել վերոնշյալ փաստաթուղթը, հետո ԴԱՀԿ կատարածուները սկուտեղի վրա կմատուցեն ձեզ այդ փաստաթղթի մեկ էջը: Իսկ դուք գնացեք դատարան՝ երկրորդ էջի հետևից:

Մռայլ, ավելի մռայլ, ամենամռայլ…

Ապրիլի 9-ի դեպքերը, ցավոք, մոռացնել տվին նաև ռուսական ռազմաբազայի արյունոտ ողբերգությունը. այն, ինչպես հարկն է, կարծում ենք, չլուսաբանվեց հայաստանյան ԶԼՄ-ներում: Տեղում լինելը և բազայի բարձիթողի վիճակը պետք է հետագա հարցադրումների առիթ դառնար, ոչ թե վերջնանպատակ: Համենայն դեպս, այդ բացահայտումներից հետո տրամաբանական կլիներ ԶԼՄ-ների աննահանջ հարձակումը իրենց իմացած ռուսաստանյան պետական բոլոր աղբյուրների վրա՝ հարցերի տարափով: Թեև հայաստանյան պատասխանատուներին էլ առանձնապես չնեղեցին, մինչդեռ սա հենց այն դեպքն էր, երբ լրագրողները պետք է հարցախեղդ անեին պատահած ամեն պաշտոնյայի՝ հայ թե ռուս: Այդ հարցերը լավագույն դեպքում հնչեցին հռետորականի պես, օդում՝ առանց անուն-ազգանունով կոչականների:

Ասենք, մեր լրատվականները «հասցեական» հարցեր հնչեցրին: Ինչպես դա արեց Հ2-ը: Այդ հարցերն ուղղված էին ողբերգության զոհերի դասընկերներին, ուսուցիչներին: Նրանք էլ պատասխանում էին, որ երեխաները լավն էին, ընկերասեր, չարություն չէին անում: Ահա այսպիսի հրատապ ռեպորտաժ դեպքի վայրից, որը մարդկային, մարդասիրական, քաղաքական  առումներով ողբերգության թատերաբեմ էր՝ թող ներվի այս վերամբարձ բնութագրումը: Փաստորեն, եթե երեխաները ամեն օր դասից փախչեին և պատերի տակ ծխեին ու կռիվներ սարքեին, դա կարո՞ղ էր մեղմել հանցավորների հանցանքը և հարազատների կորստի վիշտը: Մի՞թե դրանք էին այն  ամենակարևոր տեղեկությունները, որոնք ստանալու համար լրագրողը հասել էր պոլիգոն:

Ի դեպ, հարազատների և ոչ միայն նրա՛նց վշտի մասին. հազիվ թե արժեր ցուցադրել՝ ակնհայտորեն երեխաների բզկտված մարմինները՝ թող որ կտորների մեջ փաթաթված տեղափոխելու կադրերը, այն էլ մի քանի անգամ՝ մեկ նյութում: Դա նույնիսկ ամուր նյարդերով մարդու համար կարող էր անհաղթահարելի փորձություն լինել:

Լուսանկարը՝ http://www.tert.am/am/news/2013/04/11/police-announcement/-ից:

Leave a Reply