ԲԱԶՄԱԶԱՆ, ԻՆՉՊԵՍ ԿՅԱՆՔԸ

Երկրի լրատվական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ` ՀՀ նախագահի նստավայրում անցնող շաբաթ կազմակերպված միջոցառումը, որն այդպես էլ իր ժանրային բնորոշումը չստացավ, դարձավ նույն շաբաթվա թոփ նյուսը: Այն լուսաբանվեց, մեկնաբանվեց, քննարկվեց հնարավոր բոլոր ասպեկտներով: Անգամ համեմատություն կատարվեց Հանրապետության Առաջին նախագահի ասուլիսի հետ:

Գերիշխողը, սակայն, քննադատությունն էր` միջոցառման թե կազմակերպման, թե անցկացման ձևի, թե` առավել ևս բովանդակության:

Լրագրողներին բնականաբար հետաքրքիր էին նաև ներկա նախագահի պատկերացումները և կարծիքը ԶԼՄ-ների և լրագրողների մասին:

Լավ լուրերի տեսությունը

Եթե նախկինում այդ պատկերացումները կարող էին արտահայտվել անուղղակիորեն, ապա այս անգամ Երրորդ նախագահը գրեթե կրկնեց Երկրորդի օրոք ներմուծված տերմինը` «պատասխանատու լրատվամիջոցներ»: Այդ դասակարգման մեջ մյուս` չարտաբերված բնորոշումը բնականաբար «ոչ պատասխանատու լրատվամիջոցներ» արտահայտությունն էր, որն էլ երկար ժամանակ առաջինի հետ հավասար շրջանառվում էր լրագրողների միջավայրում:

Անցնող շաբաթվա միջոցառման ժամանակ Նախագահի հնչեցրած միտքը, թե հանրապետությունում գաղջ մթնոլորտի պատճառներից են «առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ», որոնք «խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են», փաստորեն արտահայտում է լրատվության մասին երկրի ղեկավարի պատկերացումներն ընդհանրապես:

Հետաքրիր է, որ ընդամենը երկու հեռուստաընկերություն և սիմվոլիկ տպաքանակ ունեցող տպագիր, իսկ մարզերում` խիստ սահմանափակ տարածում ունեցող «էլեկտրոնային» լրատվամիջոցները (վերջին դեպքում հավանաբար նկատի էին առնվում առցանց լրատվամիջոցները) հաջողացրել են գերակշռել հանրապետական սփռում ունեցող տասը, Երևանում սփռվող մոտավորապես քսանհինգ հեռուստաընկերութուններին (մարզայիններին հանգիստ թողած), տասնյակներով տպագիր լրատվամիջոցներին, որոնք, ի տարբերություն վերը նշված երկու հեռուստաընկերությունների, անշեղորեն կատարում են իշխող կուսակցությունից և առավել հաճախ` նախագահական նստավայրից եկող հրահանգները: Իսկ համաձայն այդ հրահանգների, երկրում տեղի են ունենում միայն լավ իրադարձություններ, որոնք «սևանում են» փաստորեն երկու հեռուստաընկերութունների եթերում: Հակառակի պես էլ երկրի բնակչության` հատկապես արտագաղթի հակումներ ունեցող հատվածը դիտում է հենց այդ եթերները, և ահա խնդրեմ պատրաստ է արդյունքը` նրանք արտագաղթում են` հավատալով հենց այդ «սև» եթերներին: Իսկ «սպիտակներին» հավատացողները, փաստորեն, քիչ են: Ճիշտ այնքան, որքան այդ լրատվամիջոցներում հայտնվող վատ լուրերն են:

Սև, սպիտակ, մոխրագույն…

1998թ.-ին «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանը հերթական ժողովի ժամանակ աշխատակիցներից յուրաքանչյուրին հանձնարարեց շաբաթական առնվազն մեկ լավ, դրական իրադարձության մասին գրել:

Թերթի թղթակիցներն ու խմբագիրները զարմացան: «Հայքը» ՀՀՇ-ի պաշտոնաթերթն էր, և արդեն մի քանի ամիս էր, որ ՀՀՇ-ն այլևս իշխող կուսակցություն չէր:  Իսկ ձևավորված լրատվական ավանդույթների շրջանակներում ընդհանրապես չի տեղավորվում` գտնել և արձանագրել լավ իրադարձություններ, եթե դրանք տեղի են ունենում ոչ հարազատ կուսակցության իշխելու օրերին:

Գլխավոր խմբագրի պատճառաբանությունն այն էր, որ կյանքը միայն վատ երևույթները չեն. «Ի՞նչ է, ձեր շուրջը ոչ մի լավ բան չի՞ կատարվում, թե՞դրանք  նկատելն է անհնար: Դուք չե՞ք հոգնել միայն վատը գրելուց»,– գրեթե բառացիորեն ասաց նա:

Ու գրել պարտադիր չէր մեծ, խոշորամասշտաբ միջոցառում-նախագծերի, աշխարհացունց իրադարձությունների մասին, այլ՝ ամենօրյա պարզ, մարդկային լուսավոր բաների մասին:

Մի բան է, երբ այդպես ասում է թերթի խմբագիրը, նկատենք՝ այդ ժամանակ հենց նոր ընդդիմության մեջ հայտնված քաղաքական ուժի պաշտոնաթերթի խմբագիրը, այլ բան, երբ այդպիսի հարց է տալիս այդ կյանքի բոլոր՝ լավ ու վատ երևույթների համար հսկայական պատասխանատվություն ունեցող պետական ամենաբարձր պաշտոնյան: Վերջին դեպքում դա ուղերձ է լրատվամիջոցներին` իրենց գործունեության ժամանակ շարունակելու կամ որդեգրելու առնվազն զգուշավոր`ինքնագրաքննության կուրսը: Իսկ առավել ցանկալին, իհարկե, կլինի կառավարվելի կուրսը` ինքնագրաքննություն գումարած գրաքննություն ձևաչափով, ինչպես միայն լավ նորություններ հայտնող լրատվամիջոցների դեպքում է:

Վատի կողքին լավն էլ տեսնելու ու արձանագրելու, թվում է, պարզ հնարքով ընդդիմադիր «Հայքը» դարձավ շատ ավելի բազմագույն ու բազմազան, ճիշտ ինչպես կյանքն է: Դա` կյանքը արտացոլելը, ինչպես որ այն է՛` բազմագույն, հենց լրագրության առաքելությունն է: Իսկ այ պետության ղեկավարներինը` այն առավելագույնս «միատոն»` լուսավոր դարձնելն է` առանց մտահոգվելու, թե չեն նկատվում և չեն արձանագրվում իրենց տիտանական ջանքերը:

Նկարը` http://www.waxingunlyrical.com/2010/09/23/high-on-v-vloggers-as-influencers/-ի:

Leave a Reply