ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՍՆԵԼՈՒ, ԼՍԵԼՈՒ, ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ինչի մասին ասես, որ չգրվեց անցյալ շաբաթ: Փառք Աստծո, առիթներն անհամար էին. էլ հանրահավաքներ և Ուգո Չավես, էլ՝ Մարտի ութ և Վրաստան-Ռուսաստան, էլ՝ Հախվերդյան և Երևանի ավագանի: Նույնիսկ հնարավոր չէ թվարկել անցնող՝ ընդամենը մեկ շաբաթվա թեժ թեմաները:

Դասագրքային

Ցանկացած տիպի լրագրողական կրթություն ստացած մասնագետ կարող է հավաստել, որ տեղեկությունների աղբյուր են ոչ միայն ասուլիս տվող անձինք, այլև իրենք՝ տեղեկությունները, պաշտոնական փաստաթղթերը, մամուլի հաղորդագրությունները, այլ՝ մամուլի ասուլիս չտվող անձինք և այլն:  Այսինքն, այլ լրատվամիջոցում կարելի է կարդալ կամ տեսնել որևէ տեղեկություն և գնալ դրա հետքերով: Կամ՝ մի քանի, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող տեղեկությունների համադրմամբ, գնալ մեկ այլ՝ այդ շաբաթ նորություններում չերևացած իրավասուի մոտ և նրանից պարզաբանում ստանալով ներկայացնել շատ ավելի խորքային ու ավելի հետաքրքիր տեղեկությունը (խոսքն ամենևին աբսուրդի հասնող՝ իրար հետ կապ չունեցող բաների մասին չէ, ինչպես, օրինակ, երկու շաբաթ առաջ Ք.Քըրքորյանի և Ր.Հովհաննիսյանի «հնարավոր» այլյանսը. դա, լրագրության մեջ թեկուզև գռեհիկ, բայց իր դիպուկ բնորոշումն ունի՝ «մատից ծծած» ):

Իհարկե, դա անում են բոլոր լրատվամիջոցները և միշտ: Բայց՝ ո՞ր տեղեկությունների հետևից են  գնում հայաստանյան լրագրողները:

Ճի՛շտ է, Այսինչն ասաց այսինչ բանը Այնինչի մասին, իսկ քանի որ մենք հավասարակշիռ լուսաբանման ջատագով ենք, շտապում ենք Այնինչի մոտ և դա անվանում ենք լրագրողական հետևյալ եզրույթով՝ մյուս կողմին էլ լսել: Եվ այսպիսով ստեղծվում է տեղեկատվություն կամ դրա իմիտացիան:

Ռումբը չպայթեց

Մինչդեռ կան տեղեկություններ, որոնք ընթերցելիս վստահ սպասում ես պայթյունի ձայնին: Անցյալ շաբաթ մի քանի այդպիսի տեղեկություններ սպրդեցին վերը թվարկված թեժ թեմաների միջով: Բայց սպասումն իզուր էր. ի՞նչ պայթյուն, ի՞նչ բան. մեր գործընկերներն անտարբեր անցան այն տեղեկության կողքով, որ սահմանամերձ Նոյեմբերյանի շրջանի մի քանի գյուղերում առավել լսում և դիտում են ադրբեջանական, երբեմն էլ՝ վրացական ռադիո և հեռուստաալիքներ: Ադրբեջանական հաքերները հայկական երկու կայքի կողքով անցնեն, հայ լրագրողները շտապում են տեղեկատվական անվտանգության մասնագետների մոտ, այդ երկրի արտգործնախարարը վատ տրամադրությամբ մի բան ասի ԼՂՀ հակամարտության հետ կապված, հերթով հայաստանյան բոլոր պատգամավորներից թունդ խոսքեր են արձանագրվում այդ արտգործնախարարի հասցեին: Ինչ խոսք, դրանք Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցեր են, բայց, համաձայնեք՝ հեշտ, առանց մեծ ջանքերի լուսաբանելի: Իսկ երկրի անվտանգության հետ «կապ չունեցող» թեման ՝ սահմանամերձ բնակավայրերում տեղեկատվական աբսուրդը, պահանջում է առաջին հերթին գնալ այնտեղ, և ամենայն հավանականությամբ՝ արձանագրել իրավասու (հատկապես ոչ տեղի՝ լոկալ, այլ մայրաքաղաքում նստած հանրապետական, առավել հավանական է՝ Հանրապետական) պաշտոնյաների անգործությունը: Իսկ մյուս կողմին խոսքի իրավունք տալու սկզբունքը ենթադրում է նաև այս տհաճ հարցերով գնա՛լ այդ իրավասուների մոտ, ավելին՝ տա՛լ այդ հարցերը նրանց: Առնվազն անցնող շաբաթում այսպիսի ջանքեր չգործադրվեցին:

Սա էլ հո Երևանո՞ւմ է

Ազգային անվտանգությունը մարդկանց գրպանին անմիջականորեն գուցե չի խփում. դրա համար սահմանամերձ բնակավայրերը կշարունակեն հարևանների ռադիոն լսել: Իսկ այ, անցյալ շաբաթվա լրահոսի մեջ կորած մեկ այլ թեմա, թվում էր, գոնե պետք է ավելի ուշադրության արժանանա: Գոնե հանուն լրագրողական ոսկե կանոններից մեկի՝ հետևեք փողերին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տուգանել է Երևանի ոսկերչական գործարանին՝ չափման միջոցների անհամապատասխանության պատճառով: Պատկերացնել կարելի է, թե քանի գնորդի կարող է այս խնդիրն առնչվել, և ինչ գումարների մասին է խոսքը: Մի քանի լավ աղբյուր և փորձագետ այս պաշտոնական հաղորդագրությունը կարող էին տեղեկատվական ռումբի նման պայթեցնել, որն իր մեջ անբարեխիղճ գործարարությունից մինչև պաշտոնական դիրքի չարաշահում՝ լայն սպեկտրի նյութ հաստատ կտար:

Իսկ մեր լրագրողները նույն շաբաթվա ընթացքում մի քանի անգամ լսում և արձանագրում են էքսցենտրիկ արտիստի վիրավորախառն խոսքերը, նրա ծամոնի չփչփոցը, և ոչինչ՝ ընթերցասեր հասարակությունը գոհ է՝ նա այլևս տեղեկացված է:

Այս շաբաթվա դափնիները

Վերևում նշված համադրումն իհարկե մեխանիկական- տեխնիկական հնարք չէ: Դրան տիրապետելու համար պետք է ոչ միայն լավ տեղեկացված լինել և պատճառահետևանքային կապի հոտառություն ունենալ, այլև նայել շուրջբոլորը՝ բառացիորեն. հանկարծ ու տեսաք այն բաղձալի աղբյուրին, որին այլ տեղերում բռնացնել դժվարանում եք: Կամ՝ այլ տեղում բռնացնում եք, բայց իրավիճակի տերը միշտ նա է լինում: Իսկ այս վերլուծության հեղինակները բոլոր այս բաղադրիչները համադրելուց բացի, մեդիայի նկատմամբ ինքնատիպ պահվածքով հայտնի պատգամավորին բռնացնում են նրա համար ոչ շահեկան պահի և լիարժեքորեն օգտագործում այդ պահը: Եվ արժանանում են այս շաբաթվա մրցանակին՝ «տեղեկությունների, պաշտոնական հաղորդագրությունների և սեփական տեսածի համադրմամբ՝ լավագույն տեղեկատվական-վերլուծական հրապարակում» անվանակարգում:

Լուսանկարը՝ http://amsagir.am-ի:

One Response to 'ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՍՆԵԼՈՒ, ԼՍԵԼՈՒ, ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ'

  1. Շատ լավ վերլուծություն-դիտարկում է։

Leave a Reply